Հիմա հարցս կապի, տրանսպորտի և տեղեկատվության նախարարին:
Պրն. նախարար, երբ Դուք ասում եք, որ աջ ղեկ ունեցող մեքենաների վարորդներին, երբ որոշում կայացվի աջ ղեկով մեքենաների մասին, կտրամադրվի ժամանակ, որպեսզի վերջիններս փոխեն ղեկի ուղղությունը, Դուք գիտակցո՞ւմ եք, որ դա հավելյալ ծախս է, և եթե գիտակցում եք, ի՞նչ եք կարծում, ո՞վ է այդ գումարը տալու՝ վարո՞րդը, թե՞ Ձեր ղեկավարած նախարարությունը։ Եթե պատասխանը վարորդն է, ապա ինձ բացատրեք, թե որ տրամաբանությամբ եք շարժվում, և ինչո՞ւ պետք է վարորդը հավելյալ ծախս անի այն դեպքում, երբ մեքենան պետություն բերելուց հետո այդ նույն վարորդը մաքսատուրք է տվել և պետհամարանիշներ է վերցրել, բացի այդ՝ տարեկան գույքահարկ և տեխզննման վճար է տալիս, ընդ որում՝ տեխզննումը մեր պետությունում ընդամենը ինքնակպչուն թղթի առք-վաճառք է:
Ըստ իս՝ Դուք Ձեր գնահատականներում շտապել եք, քանի որ որևէ տվյալ, որևէ ուսումնասիրություն, որևէ փորձաքննության արդյունք հայտնի չէ, իսկ եթե հայտնի է, ու հասարակությունը դրան չի տիրապետում, հանրայնացրեք այն, հակառակ դեպքում կստացվի՝ Դուք ցանկանում եք որոշում կայացնել, որը հանրային է, բայց տվյալները հանրությունից թաքուն եք պահում։ Դա էլ կնշանակի, որ ինչ-որ բան չեք ցանկանում ասել, իսկ դա արդեն մութ պատմություն է ստացվում, գուցե և կոռուպցիոն ռիսկով:
Էդգար Խաչատրյան