Երեկ՝ սեպտեմբերի 29-ի երեկոյան, Ստեփանակերտի «Օղակաձև» (Պիտաչոկ) պուրակում Էկվադորից ժամանած թափառաշրջիկ երաժիշտ Ֆրանցիսկո Մարգոնադո Գուախանը ներկայացրել է այդ երկրի ազգային երաժշտությունը:
Ֆրանցիսկո Մարգոնադո Գուախանն ասել է, որ դա իր երկրորդ այցն է Ստեփանակերտ և այս ընթացքում նա հասցրել է ճանաչել ու սիրել Արցախը: «Երբ առաջին անգամ եկա Արցախ, մտավախություններ ունեի և չէի պատկերացնում ու չգիտեի, թե մարդիկ ինչպես են ընդունելու իմ երաժշտությունը:
Բայց երբ տեսա, որ մարդկանց հաճելի է լսել իմ ներկայացրած երաժշտությունը, որոշել եմ նորից այցելել,- ասել է Ֆրանցիսկո Մարգոնադո Գուախանը և ավելացրել, որ այստեղ մարդիկ շատ ջերմ են և հյուրընկալ:- Իմ հիմնական նպատակն է Էկվադորի ազգային-ավանդական երաժշտությունը տարածել, ներկայացնել տարբեր երկրներում, ծանոթացնել մարդկանց, հաղորդակից դարձնել նաև այլ մշակույթների»,- ասել է Գուախանը:
«Իմ երաժշտությունը հոգևոր է և այն ներդաշնակ հոգու հանգստություն է պարգևում շատ մարդկանց: Մենք բոլորս էլ ծնվում և մահանում ենք երաժշտությունը մեր մեջ կրելով»,- եզրափակել է Մարգոնադո Գուախանը:
Նշենք, որ թափառաշրջիկ Մարգոնադո Գուախանն իր ազգային-ավանդական երաժշտությունը Ստեփանակերտի «Օղակաձև» պուրակում նվագելու է նաև այսօր: