Խորհրդարանական ընտրություններից հետո մի շարք ուժեր այդպես էլ չցանկացան խառնվել Հայաստանի հետագա քաղաքական անցուդարձին։ Դրա պատճառը գլոբալ էր․ որոշները չունեին ռեսուրս, շատերը հիասթափվել էին, ոմանք էլ պայքարում էին զուտ մանդատի համար։ Ոսկե սարեր խոստացող բազմաթիվ ուժերի մասին էլ անգամ մամուլում հրապարակում չես կարող գտնել։ Որոշակի ակտիվություն ցուցաբերում է «Ելք» դաշինքը, ինչը, սակայն, բավարար չէ ընդհանուր դաշտին շունչ հաղորդելու համար։ Վերջերս ինչ-որ կերպ աշխուժություն առաջացրեց Ժիրայր Սեֆիլյանի նամակը, որում նշվում էին այն գործիչների անունները, ովքեր կարող էին համախմբել ժողովրդին։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով նամակում նշված գործիչների հնարավոր միավորման թեմային, նշել է․ «Այս պահին եղած մտահոգությունները, որ ասում են՝ ժողովուրդը պասիվ է, չի ցանկանում պայքարի դուրս գալ, անկեղծ ասած՝ ես էլ եմ կիսում, ապատիան իսկապես խայտառակ մեծ է, ինչը ես էլ եմ զգում, բայց, այնուամենայնիվ, եթե այդ միասնությունը լինի, ես չեմ կարող ասել՝ ժողովուրդը կակտիվանա, թե ոչ։ Բայց հաստատ կարող եմ ասել, որ եթե ոչինչ չարվի, ժողովուրդը հաստատ չի ակտիվանա»։
Ամենաանտանելի թեզը, որ այսօր պտտվում է քաղաքական կարիերան փլուզած loser գործիչների կողմից, «ժողովուրդն է այդպես ուզում» թեզն է։ Սա առաջին հերթին անընդունելի է բարոյական տեսանկյունից։ Մարտիրոսյանի պես մարած քաղաքական ածուխները չեն կարողանում որևէ կերպ արժանանալ ժողովրդի մի ստվար զանգվածի ուշադրությանը, սկսում են ամբողջ պատասխանատվությունը թողնել այդ նույն ժողովրդի վրա։ Իսկ հարց չի առաջանո՞ւմ, թե ժողովուրդն ինչի՞ համար չի ուզում, որ իրենց առաջնորդեն հենց իրենք։ Այս տարիների ընթացքում այնքան գույն են փոխել այս մարդիկ, որ դժվար թե որևէ գիտակից հասարակություն երբևէ գլուխը թեքեր սրանց նմանների կողմը։
Հ․Գ․ Լավ հարց է բարձրացնում Մարտիրոսյանը՝ ինչո՞ւ ժողովուրդը չի ակտիվանում։ Չակտիվանալու ամենագլխավոր պատճառներից մեկը, թերևս, այն է, որ հարթակում կանգնած են բեսեդկի մակարդակի քաղաքականությամբ զբաղվող «կլյաուզնիկներ»։
Արման Ալավերդյան