ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում երևի առաջին անգամ երկրի նախագահ է դառնում մի մարդ, որն իսկապես ուզում է մի լավ բան անել իր երկրի համար, բայց շատերը համարում են, որ թյուրիմացություն էր նրա ընտրվելը։ Դոնալդ Թրամփը, հաստատապես, բարձր է կանգնած իր նախորդներից, որոնց միակ արժանիքը անվերապահ հնազանդությունն էր իրենց տերերին, որոնք ոչ մի լավ բան չեն արել այդ երկրի համար՝ բացի նրանից, որ անհեթեթ տնտեսական քաղաքականության հետևանքով երկրի արդյունաբերության գերակշիռ մասը տեղափոխվեց այլ երկրներ։ Մի առիթով Նապոլեոնն ասել է՝ «Մեծից մինչև ծիծաղելին մեկ քայլ է»՝ բնականաբար, նկատի ունենալով ինքն իրեն։
Սա վերաբերում է նաև Թրամփին։ Լիովին հասկանալի է՝ երբ շատերը, պատկերացում չունենալով, թե ինչ է կատարվում աշխարհում, թե դեպի ուր է գնում պատմության անիվը, միանալով գլոբալիստներին, շարունակ քննադատում են նրան։ Մարդիկ այնքան ծանծաղամիտ են, որ չեն հասկանում, որ քաղաքականությունը, ինչպես նաև սերը ոչ թե դատարկ խոսքեր են, այլ՝ գործողություն։
Այս սկզբունքը գիտակցում են Չինաստանում, Իսրայելում և Ռուսաստանում և ի դեմս նոր նախագահի՝ նաև ԱՄՆ-ում։ Դժվար է ասել, թե ինչքան կդիմանա նա, որ հայտնվել է այնպիսի վտանգավոր իրավիճակում, որ ստիպված է դերասանություն անել։ Լիովին բնական է, որ հասարակության գերակշիռ մասը չի հասկանա նրան, քանզի այդ մեծամասնությունը միշտ խուսափել է ճշմարտությունից։ Դե, բոլորը չէին կարող Նիցշե լինել. այդ դեպքում Նիցշեն պարզապես չէր լինի։ ԵՎ վերջապես, երբ մարդիկ բողոքում են իրենց բախտից, չեն գիտակցում, որ հենց իրենք են իրենց ունակություններով և չեղած արժանիքներով ստեղծել իրենց և իրենց բախտը և շրջապատող հանգամանքները, որոնք էլ նրանց համար դարձել են ճակատագիր։
Արմեն Հարությունյան