Արդեն մի քանի օր է, ինչ Զարուհի Փոստանջյանը շրջում է Հայաստանի քաղաքներով ու փորձում զրուցել քաղաքացիների հետ։ Փոստանջյանին ուղեկցում է «Երկիր Ծիրանի» կուսակցության թիմը։ Հանդիպման վայրերից ապահովում են ուղիղ հեռարձակումներ։

Տեքստի սկզբում «փորձում է զրուցել» տերմինը պատահական չէր շեշտվել։ Ուղիղ հեռարձակումը բավականին «թափանցիկ» կերպով ցույց է տալիս Փոստանջյանի այցերի իրական պատկերը։ Շրջելով Ալավերդի քաղաքում՝ Փոստանջյանը փորձում էր անընդհատ կոնտակտի մեջ դուրս գալ քաղաքացիների հետ։ Երբ փորձում էին նկարահանել քաղաքացիներից մեկի հետ զրույցը, տղամարդը տեղեկացրել է, որ չի ցանկանում, որպեսզի իրեն նկարահանեն, ինչին ի պատասխան Փոստանջյանն ասել էր․ «Ուզո՞ւմ եք ոստիկանություն կանչենք, որ մեզ խոչընդոտում եք։ Մի քանի տղամարդ ենք տեսել, այն էլ մեզանից վախենում, փախչում են»: Fail-երը, սակայն, այսքանով չեն սահմանափակվում։ Փոստանջյանը փորձել է կապ հաստատել ևս մի քանի քաղաքացու հետ, սակայն ապարդյուն։

Իսկ նրանք, ովքեր կոնտակտի մեջ էին մտնում Փոստանջյանի հետ, արժանանում էին Փոստանջյանի կտտանքներին։ Քաղաքացիներից մեկը նշել էր, որ քաղաքականությունից զրուցել չի ուզում, սակայն Փոստանջյանն ասում էր․ «Ես գիտեմ, որ դուք հեռու եք քաղաքականությունից, բայց մենք եկել ենք, որ ձեզ մոտեցնենք»։

Փոստանջյանի հանդիպումների նման ֆորմատն ավելի շատ հիշեցնում է Եհովայի վկաների հանդիպում-տանջանքները։ Ինչպես տեսնում ենք ուղիղ հեռարձակումներից, մարդիկ չեն ցանկանում խոսել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահի հետ։ Ես չգիտեմ, թե ով է ուղիղ հեռարձակումների ֆորմատը հուշել Փոստանջյանին, սակայն այս տեմպերով վերջինս կկորցնի նաև իր վերջին 8 հետևորդներին։

Հ․Գ․ Զգուշացեք երեկոյան ժամերին մութ շքամուտքերից։ Ասում են՝ Փոստանջյանը դարանակալում, հարձակվում ու սպառնում է խոսել երկրի փրկության իր տեսլականի մասին։