Ռուս բլոգեր Սերգեյ Նովիկովը տպավորված է Արցախի Հանրապետություն կատարած այցով. նա տպավորություններով կիսվել է իր բլոգում տեղադրված հոդվածում, ներկայացրել Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերը, անդրադարձ կատարել Ադրբեջանի «սև ցուցակ»-ին, որում հայտնվում են Արցախ այցելող հայտնի մարդիկ:
«Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությամբ ցուցանակը մեզ հանդիպեց Հայաստանից Արցախ մեկնելու ճանապարհին: Հեռվում վառվում էին քաղաքի լույսերը, որը դեռ 25 տարի առաջ Լաչին անունն ուներ: Ղարաբաղյան պատերազմի արդյունքներով , որն ավարտվել է 1994թ. հրադադարի պայմանագրով, այն ռազմավարական ճանապարհի հետ մեկտեղ անցել է հայերի վերահսկողության տակ: Դրանից հետո Լաչինն անվանափոխվել է Բերձոր և դարձել Արցախի` դե ֆակտո հայկական երկրորդ պետության ամենախոշոր քաղաքներից մեկը»,- գրում է Նովիկովը:
Այնուհետև բլոգերը ներկայացրել է Հայաստանից Արցախ ճանապարհին իրենց հանդիպած տեսարժան վայրերը: Նովիկովին տպավորել են Խոր Վիրապը, Արենիի քարանձավները, Նորավանքը, Տաթևը:
«Երկար ճանապարհն անցյալում է: Մենք Ստեփանակերտում ենք` Արցախի մայրաքաղաքում: Նույն պահին, երբ տարածաշրջանային հարևաններ Աբխազիան և Հարավային Օսեթիան գոնե նվազագույն միջազգային ճանաչում ստացել են, Ղարաբաղը «չի տեսնում» ՄԱԿ-ում ներկայացված ոչ մի երկիր»,- գրել է բլոգերը:
Նա հիշել է հայ բլոգեր Սեդրակ Մկրտչյանի հետևյալ խոսքերը. «Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ մենք երբեք նրանց չենք տա այս հողերը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր կողմերն էլ սա լավ հասկանում են»:
Այնուհետև Սերգեյ Նովիկովը հիշատակում է արել Ադրբեջանի «սև ցուցակ»-ի մասին, որում հայտնվում են Արցախ այցելող հայտնի մարդիկ: «Դեպի արևելք յուրաքանչյուր կիլոմետրի հետ մեծանում են մեր` հարևան երկրի «սև ցուցակ»- ում հայտնվելու հնարավորությունները: Բայց ոչինչ, մարդիկ դրանով ապրում են: Այդ նույն ցուցակում է նաև իմ ընկերներից մեկը` Ալեքսանդր Վոլոշչուկը, Լեռնային Ղարաբաղին շատ լավ ծանոթ Դմիտրի Եգորովը, լատվիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը և ոչ ավել, ոչ պակաս Մոնսերատ Կաբալյեն: Դե ինչ, շատ լավ թիմ է: Քաղաքականությունը քաղաքականությամբ, բայց ճանապարհորդությունը շարունակվում է: Այլ տարբերակ ուղղակի չկա»,- եզրափակել է Սերգեյ Նովիկովը:
Բլոգերը նաև հրապարակել է լուսանկարներ Արցախի և Հայաստանի տեսարժան վայրերից: