Ուկրաինայի դատախազությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Ուկրաինայի Օդեսա քաղաքի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի սահմանը ապօրինաբար հատելու համար։ Նրա նկատմամբ սահմանվել է տույժ, որի մասին չի նշվում, սակայն պարզ է, որ ազատազրկում նրան չի սպառնում։ Սա լիովին տեղավորվում է այն տրամաբանության մեջ, ինչ հիմա նախաձեռնել է Սաակաշվիլին, ով որոշել է այցելել մարզեր ու մարդկանց բացատրել Ուկրաինայում տիրող արդարության բացակայության ու կոռուպցիայի մասին։ Սակայն, անշուշտ, սա այն չէ, ինչ ուզում էր Սաակաշվիլին, որովհետև Վրաստանի նախկին նախագահը դժվար սրանով սահմանափակվեր։
Հեղափոխական լինելով՝ նա մտադիր էր, ըստ էության, հեղափոխություն անել նաև Ուկրաինայում, երբ Լեհաստանից մտավ Ուկրաինա։ Ոստիկանությունը դրան չխոչընդոտեց, ինչն ազդանշան էր Սաակաշվիլուն, որ գնում է կոմպրոմիսի։
Օդեսայի նախկին քաղաքապետը հասկացավ սա, ու շուտով հայտարարեց, որ հեղափոխություն անելու անհրաժեշտություն չկա, ինքը դա չի ուզում ու զբաղվելու է գլխավոր կոռուպցիոներներին ջրի երես հանելով։ Սրան, մեծ հաշվով, կենտրոնական իշխանությունը դեմ չի լինի։ Ստացվում է, որ բոլորը գոհ են ու երջանիկ։