Այսօր Հայաստանի տարբեր պաշտոնյաներ շտապել են հերքել նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ որոշակի հողեր հետ տալու վերաբերյալ, այնպիսի հողեր, որոնք անվտանգության առումով որևէ խոչընդոտ չեն ներկայացնում ԼՂՀ-ի համար։ Մասնավորապես՝ երկրապահ կամավորների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը հայտնել է, որ «հող տալը Էդվարդ Նալբանդյանի տալ-չտալով չէ», ասել կուզի՝ նա չէ որոշողը։ Միևնույն ժամանակ, Մանվել Գրիգորյանը նշել է, որ հասկանում է, որ կան դիվանագիտական տողատակեր, քաղաքական լեքսիկոն, որը միգուցե սովորական առումով անհասանելի է, սակայն բանակցություններում կարող է օգտագործվել։


Նույն բանը ասել է Մովսես Հակոբյանը՝ ԶՈւ շտաբի պետը՝ հայտարարելով, որ ինքը նման հողեր ու տարածքներ չգիտի, որոնք պետք չեն։ Հարցը, սակայն, այն չէ, թե ինչ են տալու կամ ինչ չեն տալու, հարցը գլխավորապես վերաբերում է Հայաստանի քաղաքական ու զինվորական էլիտայի տարբեր մոտեցումներին այս խնդրի շուրջ։ Եվ փոխզիջումների մասին խոսակցությունները գնալով դառնալու են ավելի այժմեական, քանի որ դրանց շուրջ բանակցություններ են գնում, և այս դիսկուրսն էլ ավելի լայն թափ է ստանալու, որը միգուցե մի որոշ ժամանակ հետո ներիշխանական տարաձայնություններում դառնա գլխավոր կռվախնձոր։ Պարզապես հիշեցնենք, որ այսպիսի մի դեպք Հայաստանն արդեն տեսել է (խոսքը 1998 թվականի մասին է), այլ հարց է, թե ինչ ավարտ կունենան այս խոսակցությունները, որովհետև նույն 98 թվականին տեսանք՝ ինչ պատահեց, երբ Արցախի հարցում ունեցած ֆունդամենտալ տարբերությունների պատճառով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։