«Ցեղասպանության հարցը չպետք է թողնել գալիք սերունդներին»,- այս մասին այսօր՝ ԵՊՀ ուսանողներին հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Կարո Փայլանը, ով Թուրքիայի մեջլիսի պատգամավոր է՝ Քրդադեմոկրատական կուսակցությունից։ Փայլանը, ինչպես գիտենք, աչքի է ընկնում ցեղասպանությունը դատապարտող իր քաղաքական կեցվածքով ու չի վախենում Թուրքիայում այդ մասին բարձրաձայնելուց։
Փառք ու պատիվ իրեն այդ հարցում, սակայն հաջորդ սերունդները, կարծում ենք, ցեղասպանության վերաբերյալ փոքր-ինչ այլ դիրքորոշում կարող են ունենալ՝ անկախ նրանից՝ կճանաչի Թուրքիան ցեղասպանությունը, թե ոչ։ Պարզ է, որ քանի Թուրքիայում Էրդողանն էլ իշխանության գլուխ, այդ երկիրը, որ սրընթաց շարժվում է պանիսլամիզմի ուղով, չի ընդունելու ցեղասպանությունը։ Սակայն դա մի պատմական փաստ է, որը ուշ թե շուտ՝ լինի դա մյուս տարի, թե հազար տարի հետո, Թուրքիայի կողմից ճանաչվելու է, որովհետև դրա մասին խոսում են ոչ միայն Հայաստանն ու հայոց սփյուռքը, այլև աշխարհի շատ ու շատ տերություններ, նույն թվում և՝ գերտերություններ. Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը ճանաչել են ցեղասպանությունն, ու դա քննարկման թեմա չէ։
Եվ ուրեմն՝ ինչն է Փայլանին դրդում հայտարարելու, որ այդ հարցը պետք է լուծել հենց հիմա, սակայն չի նշում, թե ինչպես, որովհետև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ սկսել երկխոսություն ու սահմաններ բացել առանց ցեղասպանության հարցը քննարկելու՝ դա թողնելով հետագային։ Այսօր արդեն, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները գնալով ավելի սառը բնույթ են կրում, այս խոսակցությունները դառնում են համարյա թե անիմաստ ու հայ դիվանագիտությունից անիմաստ էներգիա են խլելու։ Ի վերջո, բանակցություններ վարելու համար պետք են երկու կողմերի ջանքերը, միայն մեկի ցանկությունը բավարար չէ։