Այս կարևորագույն հարցը թողած՝ թիթեռ են նկարում, աճպարարությամբ զբաղվում։
Թե բանակում ծառայածները և թե նրանց դասախոսները լավ գիտեն այն սարսափելի բարդությունները, որոնց առնչվում են զինվորական ծառայությունն անցած ու զորացրվելուց հետո բուհ վերադարձած ուսանողները։
Երկու տարի կտրված լինելով բուհից, զորացրված ուսանողը հայտնվում է մի շարք փաստերի առջև, որոնցից ամենածանրը տարբերությունը վերահանձնելու ընդամենը մեկ հնարավորությունն է։


Այսպիսով նա հայտնվում է անհավասար պայմաններում բանակից թռածների ու մյուս՝ զինծառայություն չանցած ուսանողների համեմատ։
Առարկան, որը մյուսները անցել են մեկ տարի դասախոսի մասնակցությամբ, զորացրվածը պետք է ինքնուրույն սերտի մի քանի ամսում։ Որոշ բուհեր կամ առանձին դասախոսներ կամավոր հիմքերով օգնում են, պարապում տղաների հետ, երբեմն էլ նվիրում անցողիկ գնահատականը՝ մտնելով դրության մեջ։ Բայց դա ելք չէ։


Եթե մյուս ուսանողները առնվազն երեք փորձ ունեն վերահանձնելու առարկան, ժամկետային ծառայությունն ավարտած ու բուհ վերադարձածներն ունեն ՄԵԿԸ։ Բուհերի ադմինիստրաստրացիաները հավաստիացնում են, որ պատրաստակամ են տալ վերահանձնման ևս երկու իրավունք, սակայն չեն կարող խախտել օրենքը ու ստիպված են ամեն ուսանողի համար առանձին դիմել ԿԳՆին։


Պարտքդ մատուցի հայրենիքիդ, տղաս, որ հետո հայրենիքդ քեզ մեջք ցույց տա։
Հ.Գ Առհասարակ մեր բուհական համակարգն ուղղված է ավելի շատ պատժելու՝ զեղչերից զրկելու, նույն տարին թողնելու, քան գիտելիք ստանալ խրախուսելու։


Մյուս մառազմատիկ, գիշատիչ կարգն էլ այն է, որ քննությունը վերահանձնողը չի կարող հավակնել բարձր գնահատականի, այլ առավելագույնը՝ նվազագույն անցողիկին։ Այսինքն, եթե ինչ֊ինչ պատճառներով ուսանողը պատրաստ չէ հանձնել առարկան նշված օրը, նրան ասում ենք "նույնիսկ եթե դասախոսից լավ իմանաս վերահանձմանը՝ գիտելիքդ չի գնահատվի։
Ինքս ունեցել եմ ուսանողուհի, որը ինձ մոտ երկու անգամ կտրվելով իմ առարկայից, երրորդ փորձին եկավ փայլուն սովորած ու հաջորդ տարի արդեն դարձել էր խմբի լավագույնը։

 

Իզաբելլա Աբգարյան