ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քննարկվող թեմային լավագույն անդրադարձը, ըստ իս, կատարել է Լեոն՝ իր «Հայ կղերական դիվանագիտության պատմությունը» աշխատության մեջ, որը երկար տարիներ արգելված էր հրատարակել: Անշուշտ, եկեղեցին ևս վերափոխման կարիք ունի, ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ: Իսկ արդյունավետ վերափոխման, զարգացման հիմքում անհրաժեշտաբար պետք է լինեն հիմնավոր ու տրամաբանական փաստարկներ, ինչպես օրինակ այն, որ շարունակում է մտահոգիչ մնալ ամենատարբեր օտարածին, շատ հաճախ վտանգավոր, կրոնական հոսանքների ընդլայնվող առկայությունը Հայաստանում, նամանավանդ մարզերում և այլն: Հարգում եմ պարոն Բագրատյանին և՛ որպես մարդ, և՛ որպես ՀՀ նախկին վարչապետ, սակայն նյութի փաստարկման ամբողջ տեխնիկան ինձ հիշեցրեց շատ տարիներ առաջ իրեն ուղղված լրագրողի՝ որտեղից Ձեզ գումար, որ կարողանում եք Mallboro գնել Բագրատյանի պատասխանը. այն էր՝ տնտեսում եմ ինձ հատկացվող գործուղումային գումարներից և ծխում եմ Mallboro: Հուսամ, հանուն իր իսկ առողջության պարոն Բագրատյանը թողել է ծխելը, իսկ մեր ժամանակներում հնարավորություններ չի լինում գործուղումներից տնտեսած գումարներով որևէ իր գնել: Ահա այսպիսի բնական էվոլուցիա է ապրել մեր դեռևս երիտասարդ պետական կառավարման համակարգը: Իսկ որ եկեղեցին վերափոխման կարիք ունի, որևէ մեկը կասկածի տակ առնել չի կարող»:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեսբուքյան գրառմանն մեջ նշել է, որ որ Հայ առաքելական եկեղեցին երկու անգամ քանդել է մեր պետությունը: