Իրանի նախագահ Հասան Ռուհանին կառավարության ձևավորումից հետո նպատակ ունի փոխոփոխություններ կատարել նաև տարածքային կառավարման համակարգում: Առաջին փոփոխությունը կատարվել է Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատկան նահանգում, որի նահանգապետ Էսմայիլ Ջաբարզադեն նշանակվել է ԻԻՀ ներքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ: Նախատեսվում է, որ գործող նահանգապետերի մի մասը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իսկ մի մասի դեպքում տեղափոխություն կլինի՝ մի նահանգից կտեղափոխվի մյուս նահանգ:

 


Նահանգապետերի փոփոխությունը պայմանավորված է երեք գործոնով՝ անվտանգային, տնտեսական և քաղաքական: Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կենտրոնական իշխանությունը կարիք ունի վերանայելու նահանգներում անվտանգության ապահովման գործընթացը:
Իրանի նահանգներից յուրաքանչյուրը առանձնահատուկ տնտեսական քաղաքականություն է վարում, որը կապված է սահմանակից երկրների հետ ունեցած կապերի, նահանգում առկա բնական ռեսուրսների և այլ գործոնների հետ: Այդ առումով երկրի տնտեսության զարգացման գործում նահանգապետերը կարևոր դերակատարություն ունեն:

 


Ինչ վերաբերում է քաղաքական գործոնին, ապա Իրանի 31 նահանգի ղեկավարների մեծ մասը պաշտոնավարում է 4 տարուց ավել, և նախագահական վերջին ընտրություններից հետո Իրանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած գործընթացներով պայմանավորված կարիք կա ձևավորելու նահանգապետերի այնպիսի կազմ, որն ընդունելի կլինի ԻԻՀ քաղաքական կյանքում ազդեցություն ունեցող տարբեր խմբերի կողմից: