Մինչ Բաղրամյան 26-ը ձեռնամուխ է եղել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով նախագահ ճանաչված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության նախապատրաստական աշխատանքներին, ոչ պակաս տենդագին պատրաստությունների մեջ է իրենց թեկնածուին ոչ պակաս նախագահ համարող Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը: Հենց այս իրավիճակից ելնելով էլ՝ ապրիլի 9-ին ականատես ենք դառնալու երկու երդմնակալությունների՝ այսպես ասած, պաշտոնական և ոչ պաշտոնական՝ «ժողովրդական»: Սերժ Սարգսյանը կերդվի Մարզահամերգային համալիրում, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ազատության հրապարակում: Քանի որ պաշտոնական երդմնակալության ձևաչափն այսպես թե այնպես ծանոթ է բոլորին, ներկա պահին շատ ավելի սենսացիոն և աներևակայելի մի բան է համարվում երդմնակալության երկրորդ արարողությունը:

Եվ այսպես, նախ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է իր երդմնակալությունն անվանակոչել. ՀՀ նախագահներից և ոչ մեկը մինչ օրս «գլխի չէր ընկել», որ երդմնակալության արարողությունն էլ կարող է անուն, վերնագիր ունենալ. պարզապես ասել էին՝ այսինչ նախագահի երդմնակալության արարողություն ու վե՛րջ, և գտել, որ այդքանը բավական է: Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում ո՛չ թե Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունն է լինելու, այլ՝ «Նոր Հայաստանի». պարզապես «Նոր Հայաստան»-ը ֆիզիկական կերպավորում է ստանալու՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ով էլ կերդվի և կստանձնի «Նոր Հայաստանի» նախագահի տիտղոսը: Այս նորամուծությունը, փաստորեն, հայոց պատմության մեջ կմտնի՝ շնորհիվ Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ ստանդարտ մտածելակերպի:

«Նոր Հայաստանի» երդմնակալությունն արարողակարգային առումով, ըստ էության, այդքան էլ չի տարբերվելու ՀՀ նախագահների երդմնակալության արարողությունից: Րաֆֆի Հովհաննիսյանը ևս ձեռքը կդնի թե՛ Աստվածաշնչի, թե՛ ՀՀ Սահմանադրության վրա և կարտասանի իր պատրաստած երդման տեքստը, որը ևս, երևի թե, յուրօրինակ կլինի: Կարգը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի Տեր Գրիգորը, ով մշտապես Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է, նրան ուղեկցում է հանդիպումներին, իսկ հացադուլի օրերին Ազատության հրապարակ էր գալիս վաղ առավոտյան և աղոթում հացադուլավորի ողջության համար դեռ այն ժամանակ, երբ վերջինս վրանի տակ քնած էր:

Սակայն «Նոր Հայաստանի» երդմնակալության ամենամեծ անակնկալը, որ սպասվում է, աննախադեպ քանակի հյուրերն են, որոնք Ազատության հրապարակ են գալու աշխարհի տարբեր երկրներից: Ընդ որում, շատերն արդեն իսկ Հայաստանում են, արդեն իսկ «զինվորագրվել են» Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրների «ճամբարին» և իրենց ընտրյալի հետ մասնակցում են մարզային արշավներին: Մեծ թվով սփյուռքահայերի մասնակցություն է նախատեսվում Կանադայից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից՝ Մոսկվա, Կրասնոդար, Կեմերովո…

«Նոր Հայաստանի» երդմնակալությանը մասնակցելու համար հայրենիք ժամանող հայերը, սակայն, միայն իրենց ֆիզիկական ներկայությունը չէ, որ ապահովելու են: Ըստ որոշ տեղեկությունների՝ արդեն իսկ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես աջակցել «Նոր Հայաստանի» կառավարությանը: «Նոր Հայաստանի» կառավարությունը «Նոր Հայաստանի» երդմնակալությունից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ձևավորելիք կառավարությունն է. այն դեռ չի ձևավորվել, սակայն ապրիլի 9-ից հետո կձևավորվի և կանցնի «Նոր Հայաստանի» կերտմանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողության ամենասենսացիոն պահը, սակայն, որը մինչ այս պահը դիտարկվում է «չի բացառվում»-ի համատեքստում, այն է, որ ԱՄՆ-ից կարող է ժամանել մի անձնավորություն, ում միայն ներկայությունն արդեն իսկ կարող է բավական լրջություն հաղորդել տեղի ունեցող միջոցառմանը և ստիպել շատ ու շատ քմծիծաղողների՝ ավելի քան լրջանալ: Այդ խորհրդավոր անձնավորությունը Քըրք Քըրքորյանն է, ով երկար տարիներ՝ բարեկամական հարաբերությունների մեջ է Հովհաննիսյանների ընտանիքի հետ: Ասվում է, որ եթե Քըրքորյանը մասնակցեց այս երդմնակալությանը և որպես Հայաստանի իրական նախագահ ու կառավարություն ճանաչեց հենց Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա ստեղծելիք կառավարությանը, ավելին՝ Քըրքորյանը, ըստ ներքին աղբյուրների, ևս պատրաստակամություն է հայտնել ֆինանսապես օժանդակել իր ճանաչած կառավարությանը, շատ իրողություններ կարող են փոխվել: «Չի բացառվում»-ի համատեքստում Ազատության հրապարակ կարող է գալ նաև Սերժ Թանգյանը:

Ինչպես տեսնում ենք, ապրիլի 9-ին ավելի քան հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Բայց արտաքին հետաքրքրությամբ հանդերձ՝ իրականում դա ի՞նչ կտա Հայաստանին ու հայ ժողովրդին, արդյո՞ք սա պետության ներսում երկիշխանության ձևավորման, դրսի ուժերով ու ֆինանսական ռեսուրսներով Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին ինչ-որ բաներ պարտադրելու փորձ է, թե՞ իսկապես «Նոր Հայաստան» ձգտողների անկեղծ պոռթկում, որը կարող է դրական փոփոխությունների խթան դառնալ, դեռ վաղ է ասել:

Լուսինե Կեսոյան