Հարգելի փաստաբաններ,
Մոտենում է Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների համար նախատեսված քարոզարշավի ավարտը։ Այդ ընթացքում հասցրեցի հանդիպել շատերիդ հետ, թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, փորձեցի հնարավորինս ներկայացնել նախընտրական ծրագիրը և խոսել այն տեսլականի մասին, որը պատկերացնում եմ ապագա 4 տարիների համար։
Վստահ եմ, որ բոլորիս ուժերով կարող ենք ունենալ մի հաստատություն, որի հետ հաշվի կնստեն բացառապես բոլորը։ Այդ ճանապարհին անհատապես յուրաքանչյուրիդ կարիքն ունեմ։
Մեր հանդիպումների ընթացքում Ձեր մեջ տեսա այն ահռելի ներուժը, որը կարող է ծառայել մեր սիրած մասնագիտության անվտանգ ու անցնցում զարգացմանը։
Այդքանով հանդերձ, անհրաժեշտ է արձանագրել առավել կարևոր հանգամանքներից մի քանիսը՝
• Ներքին կյանքում մենք հաջողությամբ կարողանում ենք կառավարել ցնցումները և միասնաբար հասնել հաջողության,
• Արտաքին աշխարհի հետ մեր համագործակցությունն անհերքելի առաջընթաց է արձանագրում, և բազմաթիվ հեղինակավոր կառույցների համար մենք վստահելի գործընկեր ենք,
• Պետական մարմինները հաշվի են նստում փաստաբանության հետ,
• Փաստաբանական գրասենյակների ինտեգրումը միջազգային փաստաբանական շուկային
օրախնդիր հարց է։ Ձեր խորհուրդներով ու անմիջական մասնակցությամբ պետք է հասնել դրան,
• Հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուտը այսօր զարգացել է, դարձել հանրության քննարկման առարկա՝ բոլոր առումներով,
• Կան բացեր և թերություններ, որոնք պետք է բոլորիս շարունակական ուշադրության առանցքում լինեն։
Նախանշելով այս ամենը՝ ընտրվելու դեպքում, հաջորդ իսկ օրվանից խոնարհաբար պետք է շարունակել Ձեր հավանությանն արժանացած ծրագրային դրույթների իրականացումը։
Ես՝ որպես Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու, կարևորում եմ անհատապես յուրաքանչյուրիդ մասնակցությունն ընտրություններին։
Եթե նկատել եք, այս անգամ չփոխեցի նախորդ ընտրությունների կարգախոսը, որը վկայում է այն մասին, որ կողմնակից եմ կայունությանը և հավատում եմ մեր բռնած գծի հաջողությանը։
Ուստիև, բոլորիդ մաղթում եմ հաջողություններ և ինչպես առիթ ունեցել եմ ասելու, կռիվ եմ տալու «Մեր ուժը միասնության մեջ է» հանուն կարգախոսի իրականություն դառնալուն։
Բարին ընդ Ձեզ
Արա Զոհրաբյան