Երևի թե բոլորն են նկատել, որ այս տարի տուրիստների քանակը Հայաստանում շատ-շատ էր: Կարծում եմ, որ տուրիստական նման հոսքի հիմնական «մեղավորները» երեք անհատներ էին՝ Հռոմի պապը, Հենրիկ Մխիթարյանը և Քիմ Քարդաշյանը: Կարծում եմ, որ հայերի՝ միմյանց աջակցությունը (Հռոմի պապն, իհարկե, հայ չէ, բայց նրա այցի կազմակերպիչները գիտակցում էին, թե ինչ դրական հետևանքներ կարող է թողնել այդ այցը), կարող է աննախադեպ էֆեկտներ տալ ինչպես դրսում ապրող հայերին, այնպես էլ հայաստանցիներին:
Ընդ որում՝ թե՛ տնտեսական ու ֆինանսական, թե՛ մշակութային և թե՛ քաղաքական առումով: Այդ իմաստով առանձնակի կուզենայի նշել «Քամեդի քլաբի» տղաներին, ովքեր առիթը բաց չեն թողնում շեշտելու իրենց հայ լինելը և տարբեր հայերի հրավիրում են իրենց ակումբ:
Հաճելի կլինի տեսնել նման համագործակցությունը բոլոր այն ընկերությունների միջև, որոնք ունեն հայկական «արմատներ»: «Քամեդի քլաբ», Picsart», Kerbedanz, MetLife, American International Airports, MARS Holding, Franck Muller, Росгосстрах, Магни́т ու էլի շատ ու շատ աշխարհահռչակ ընկերությունները փաստացի հայերինն են՝ չհաշված անվանի անհատներին: Հավատացեք, որ նրանց համագործակցությունից կշահեն և՛ իրենք, և՛ Հայաստանը: Իսկ դուք ասում եք՝ «Արի տուն»: Պետք չէ տուն գալ, պետք է իրար հետ համագործակցել ինչպես տանը, այնպես էլ՝ դրսում:
Տիգրան Քոչարյան