Կարիք չկա Մխիթարյանին ուղղված քննադատությունները սվիններով ընդունելու: Նույնիսկ Մեսսիի եւ Ռոնալդուի նման ֆուտբոլային «աստվածներն» են արժանանում քննադատության, երբեմն շատ ավելի խիստ, երբեմն նույնիսկ կոշտ ու վիրավորական քննադատության են արժանանում: Շատ լեգենդար ֆուտբոլիստներ կան, որոնք ազգային հավաքականներում խաղում են գրեթե միայնակ, թեկուզ մեծ արդյունքների չեն հասնում, բայց մարդիկ խաղում են, վազում են, մտածում են, պահեր են ստեղծում: Ամենաթարմ օրինակը՝ Յունայթեդում Մխիթարյանի խաղընկերը՝ Մարկուս Ռեշվորդը, ով նաեւ Անգլիայի հավաքականի խաղացող է, երեկ Անգլիա-Սլովակիա հանդիպման հերոսներից մեկն էր։ Խաղում էր նվիրված, ճիշտ, առանց վախենալու եւ շքեղ գոլի հեղինակ դարձավ։


Նույնը կարող ենք ասել նաեւ Գարեթ Բեյլի մասին։ Ուելսի հավաքականը, ճիշտ է, մեզանից բարձր կարգ ունի, բայց նույնպես եսիմ ինչ խաղացողներով հագեցած չէ, բայց Բեյլը կոտորում է իրեն, էդ մարդու մոտ ցանկություն կա խաղալու, հաղթելու: Գուցե Մխիթարյանի վատ խաղի պատճառը Հայաստանի ֆուտբոլային չինովնիկների վերաբերմունքն է կամ իր խաղընկերների ցածր մակարդակը կամ, ընդհանրապես, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կապրիզները, բայց քանի դեռ Մխիթարյանը չի խոսել պատճառների մասին, ուրեմն՝ թող պատրաստ լինի լսել նաեւ քննադատություններ: Անկախ քննադատություններից՝ Մխիթարյանը էլի կունենա իր երկրպագուների բանակը, ես եւ շատ շատերը էլի կերկրպագենք հայկական ֆուտբոլի գերաստղին, էլի կոգեւորվենք իր հաջողություններով եւ կափսոսանք իր անհաջողությունների համար: