Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում ստիպել էին մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի վրա «փորձարկել»։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են՝ չնայած իրենց պատվիրակության ղեկավարների ճնշմանը, ինչից հետո վերջիններս իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս միջադեպից հետո Իսրայելը սկսել է հետաքննություն, որպեսզի պարզի և պատժի մահապարտ ԱԹՍ-ները հայկական դիրքի ուղղությամբ կիրառելու օպերացիան կազմակերպողներին։
Իսրայելի ՊՆ-ն անհայտ ժամանակով ընկերությանը արգելել է ԱԹՍ-ի մատակարարումը Ադրբեջանին։
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Իսրայելի քայլերը դեռ չեն բավարարում Հայաստանին և այդ միջադեպը շատ լուրջ հարված է Իսրայելի հեղինակությանը։
Կարևոր է, որ մեր պաշտոնյաները նման դատապարտող հայտարարություններ են հնչեցնում։ Ճիշտ է' հանրային հարթակում հայտարարություններ տարածելով հարցեր չեն լուծվում, սակայն ևս մեկ անգամ այդ հարթակը օգտագործվում է հայանպաստ քաղաքականությունը առաջ մղելու, ինչպես նաև պետական դիրքորոշում ցուցադրելու համար։
Հուսով եմ, որ ՀՀ-ի այս քաղաքականությունը շարունակական կլինի և նման դեպքերում կոնկրետ պաշտոնյաներ կտարածեն կոնկրետ հայտարարություններ։