Վերջին մի քանի օրում երկու դեպք պատմեցին, երբ մարդիկ իրենց ոսկեղենը գրավ են դրել, գումար վերցրել և երկար տարիներ տառապելով տոկոսներ են մուծում՝ նույնիսկ հույս չունենալով, որ զարդերը կազատագրեն բանկային գերությունից։ Մեր ֆինանսավարկային անգրագիտությունը բազմիցս է քննարկվել, շատերն են մասնագիտական և կենսափորձային կարծիքներ հայտնել, այնպես որ, այս առումով նոր բան ասել չեմ կարող։
Ինձ առավելապես ուրիշ հարց է հետաքրքրում՝ մեր ազգային-նահապետական վերաբերմունքը ընտանեկան ոսկյա զարդերին։ Հասկանալի է, որ կյանքում կարող են ֆինանսական դժվար պահեր լինել։ Բայց ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ գրավ դնում իրենց ունեցած ոսկին և հսկայական տոկոսներ վճարում այդ ոսկին վաճառելու ու ֆինանսական խնդիրը լուծելու փոխարեն։ Չէ՞ որ այդ դեպքում ստիպված չեն լինի անխիղճ տոկոսներ վճարել։ Ֆինանսական դժվարությունը կհաղթահարվի, հետո կարելի է գնալ խանութ ու նոր ոսկյա զարդեր գնել։
Ոսկին ոսկի է, նույնիսկ եթե սիրելի մայրիկն է նվիրել կամ տատիկի մորաքույրը գլխաշորի մեջ փաթաթած բերել է Վանի կապույտ աղի ափերից։ Անգամ եթե ոսկու նվիրատվության պահը «հարսանիքի դիսկի» ամենադիտարժան մասն է, կարծում եմ՝ չարժե դրա համար հավելյալ վարկերի տակ կքել ու տարիներով աշխատել՝ վաշխառուներին հարստացնելու համար։