Եթե իսկապես շահագրգռված եք ԲՈւՀ-ական կրթության որակով, եթե իսկապես ուզում եք գիտելիքահենք տնտեսություն ձևավորել, ապա՝ ի սեր Աստծո, վերացրեք էդ գրողի տարած «երկրորդ հայտով ընդունվելու» օրենքն ու մշակույթը։ Ի՞նչ կնշանակի «երկրորդ հայտ», այսինքն, եթե պարզվի, որ ես իմ պատկերացրածից ավելի վատ եմ պատրաստվել աշխարհագետ դառնալու, ապա հանգիստ կարող եմ մաթեմատիկ դառնա՞լ։ Էդ օրենքը բարձրագույն կրթության համակարգը վերածում է կոշիկի արևելյան շուկայի՝ «միջազգային հարաբերությունները քո հագով չէր՝ զատո ընտիր սերվիս ունեմ»։ Սա ի՞նչ հոգեբանություն է։ Մարդն ուզում է դիվանագետ դառնալ, ու՞ր եք նրան բերում նստեցնում սերվիսագետի կողքին, որ չուզելով ու մեռնելով գա-գնա դասերին՝ հայհոյելով սեփական բախտը, որ քննությունը ցածր ստացավ։ Էդ մթնոլորտու՞մ եք առողջ երիտասարդություն, ստեղծարար միտք զարգացնում։
Հիմա կասեք՝ իր իրավունքն է, թող չնշի երկրորդ հայտի համար։ Ախր մեռնեմ ես ձեր Բոլոնյան ջանին, նա մի ընտանիքից է, որ դեռ մի երկու տասնամյակ առաջ պետականորեն դիպլոմ առնելու մշակույթում էին ապրում, նրանց համար կապ չունի թե ինչ դիպլոմ՝ կարևորը լինի։ Իսկ ձե՞զ... ձեզ համար կապ ունի՞ արդյոք, թե՞ մի «ռազմեր մեծ, մի ռազմեր փոքր՝ հագնես կբացվի»։