Բագրատյանը, ցավոք, շարունակեց նույն պնդումները՝ երևի հետևելով հին խոսքին, թե «Էշին նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու»։ :)Շատերս արդարացի զայրույթով քննադատեցինք նրա «մտքերը» հայերենի աղքատության և «Հայաստան» անունը փոխելու մասին։ Ուստի այստեղ կանդրադառնամ միայն մի նոր զարմանալի հարցի, որի մասին ոնց որ թե լրջորեն չի խոսվել։
Մեր լեզուն այդպես փնովելուց հետո կարծես մի լուսամուտ բացվեց, որ պիտի խոսվեր հայերենի կարևորության մասին։ Այն մասին, որ հայերենն էլ է բառեր տվել ուրիշ լեզուների։ Դա իհարկե այդպես է, հայերենը շատ բառեր է տվել այլ լեզուների (թեև Բագրատյանն ասում է՝ քիչ ենք տվել)։ Բայց թարսի պես պրն. Բագրատյանն այստեղ էլ է ցուցաբերում անգիտություն ու անբարեխղճություն և բերում է կատարելապես սխալ օրինակներ։ Իսկապես զարմանալի է՝ ոնց կարող է մարդը ելույթ ունենալ հանրության առջև ու խոսել իր մասնագիտության հետ կապ չունեցող բաներից, և այն էլ առանց գոնե «Արմատական» բառարանն ստուգելու։
Ահա նա ասում է (18:52). «Բայց մենք քիչ բաներ ունենք սենց քաղաքակրթական: Այսպիսի բաներ կամ բառեր և այլն և այլն, որոնք՝ առանց որի մյուս լեզուները յոլա գնալ չեն կարող։ Հասկացանք, անգլերեն paradise բառը մեր պարտէզ բառն է։ Հավանաբար՝ չգիտեմ երբ եկան տեսան ասեցին հայերեն լավ բառ ունեն։ Կամ baron բառը մեր պարոն բառն է։ Մենք սենց բաներ քիչ ենք տվել»։
Իրականում ինչպես հայերեն ՊԱՐՏԷԶ բառը, այնպես էլ եվրոպական բառերը (անգլերեն paradise, գերմ. Paradies, հին վերին գերմ. paradīs , իտալ. paradise, լատ. paradises և այլն) բոլորն էլ արտացոլում են իրանական *pardēz ‘պարտեզ, շրջապարիսպով այգի’ բառը։ Եվրոպական ձևերը գալիս են հունարեն παράδεισος [parádeisos] բառի միջնորդությամբ (հունարեն բառի իմաստներն են՝ ‘շրջափակված այգի կենդանիներով’, ‘պարտեզ’ ‘դրախտի պարտեզ’)։ Իսկ հայերեն ՊԱՐՏԷԶ-ն ավելի հին է, անմիջականորեն իրանական փոխառություն. ու զգալի հին (*d > տ տեղաշարժի պատճառով)։
Անկասկած է, որ բառը հենց իրանական ծագում ունի։ Քանի որ հիմքում ընկած է զուտ իրանական կազմություն՝ *pari- ‘շուրջ’ + *daiza- ‘պատ’, հմմտ. ավեստ. pairi.daēza- ‘պատ, շրջապարիսպ’։ Իրանական այլ բարբառային ձևի ժառանգ է պարսկերեն pālēz ‘պարտեզ’ ձևը (հս.-արմ. rd-ի դիմաց՝ հվ.-արմ. l, հմմտ. սարդար vs. սալար, *սարդ ‘տարի’ vs. պարսկ. sāl և այլն)։ Նախածանցը սերում է հնդեվր. *peri-ից, որն իրանականում օրինաչափորեն դարձել է *pari-, իսկ հայերենում՝ ՀԵՐ- և այլն։ Արմատն է *dheiĝh-, որ հայերենում տվել է ԴԷԶ, բայց հայերենում սա ‘պատ’ իմաստ չունի։
Այսպիսով, հայերեն ՊԱՐՏԷԶ բառն իհարկե կապված է անգլ. paradise ‘դրախտ’ բառի հետ, սակայն այն ոչ թե անգլերեն ու մյուս բառերի աղբյուրն է, այլ դրանց բոլորի հետ միասին իրանական փոխառություն է։ Սա գիտական հայտնի փաստ է, պրն. Բագրատյանն այն հեշտությամբ կիմանար, եթե ընդամենը բացեր ամենահիմնական գրականությունը։ Ու ոչ էլ ՊԱՐՈՆ բառն է եվրոպական baron-ի աղբյուրը։
Ընդգծեմ՝ շատ կան հայերեն բառեր, որ այլ լեզուներ փոխառել են հայերենից (դրանց մասին գրել եմ այլ առիթներով)։ Բայց պրն. Բագրատյանն այստեղ էլ է խիստ սխալվում՝ հիշատակելով միանգամայն սխալ նմուշներ։ Նա կարող էր պարզապես բացել Աճառյանի «Արմատական» բառարանի բառահոդվածների ՓՈԽ վերնագրված ենթաբաժինները և գտնել բազում այդպիսի բառեր։
Հրաչ Մարտիրոսյան