Հայկական քաղաքական մտքի գահավիժման հիմնական պատճառներից մեկի, ինչպես նաև այն փոխելու մասին

Տեսլականը (Vision) քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է, առանց որի անհնար է հասնել էական հաջողության։ Առաջնորդության տեսության բազմաթիվ հեղինակներ հաջողակ առաջնորդների բնութագրիչներից ամենակարևորը հենց համարում են հանրային լայն շերտերին հետաքրքրող Տեսլական ձևակերպելու ունակությունը։ Այդ տեսաբաններից Սթեֆըն Քովին ասում է, որ հաջողակ առաջնորդներն ինչ-որ բան սկսելուց առաջ գիտեն դրա ավարտի մասին, իսկ մարդկության մեծ մասին հետաքրքրում է ոչ թե գործընթացի ճանապարհային քարտեզը, այլ հենց տեսլականը։ Ըստ Քովիի հենց արդյունավետ տեսլականն է հանդիսանում ցանկացած գործընթացի վերջնական հաջողության գրավականի կեսը։ 
Առաջնորդության տեսության մեկ այլ տեսաբան՝ Թոմ Փիթըրսն էլ իր աշխատություններից մեկում հստակ ընդգծում է, որ լավ տեսլականը ոչ միայն պետք է ոգեշնչող լինի այլև խսիտ առարկայական և հստակ, ինչպես նաև այն պետք է կարողանա մրցունակ լինել օբյեկտիվ իրականության մարտահրավերները հաղթահարելու համատեքստում։ Խոսելով տեսլականի առանձնահատկությունների մասին Փիթըրսը պնդում է, որ այն պետք է լինի իմաստալից և դիմանա ժամանակի փորձությանը, մնա կայուն և միաժամանակ լինի բավականին ճկուն (Մարտին Լյութեր Քինգի “I Have a Dream”-ը վերոգրյալի օրինակն է իմ կարծիքով), այլ կերպ ասած այն պետք է ոգևորի մարդկանց և պատրաստի ապագային՝ միևնույն ժամանակ օրակարգում պահելով անցյալն ու ներկան։
Հիմա մի հղում, գեթ մեկը, դրեք մեկնաբանություններում, որտեղ առկա է այն տեսլականը, որը գոնե ցածր մակարդակում քաղաքական հարցեր լուծելու համար ձևակերպվել է մեր քաղաքական ուժերից որևէ մեկի (լավ, գոնե քաղաքական գործիչներից մեկի) կողմից։ Վստահեցնում եմ ձեզ չեք գտնի։ Չկա վերջին 25 տարիների ընթացքում մի շարժում, մի քաղաքական գործընթաց, որ նմանատիպ տեսլական բանաձևած լինի։ Չկա վերջին 25 տարիների ընթացքում մի ուժ, ով փորձած լինի ձևակերպել Հայաստանի՝ իր պատկերացրած ապագան (չենք խոսսում կենացային ձևակերպումների ու պաթոսահեշտանքային ճառերի՝ «չարի ու բարու», «մենք ենք ձեր փրկիչը», «ավազակապետական վարչակարգի անատոմիայի», «բադասխան ես տալու»-ների մասին), որի շուրջ գոնե 10 հազար մարդ կկոնսոլիդացվի։ Հիմա կասեք «բա 95-96-2003/4/8/13 թվականների շարժումները, բա մարտի 1-ը ու տենց բլա բլա բլա», բայց էդ ձեր բլա-բլա-ներին մի 10 անգամ էլ կարող եմ ավելացնել ու հիշեցնել բոլորիդ, որ վերոնշյալ բոլոր գործընթացներում մարդկանց հրապարակ է բերել ոչ թե առաջարկված «Տեսլականը», այլ իշխանությունների նկատմամբ՝ հրապարակ եկողների ատելությունը։ Ու հենց այդ պարզ պատճառով է, որ այդ բոլոր գործընթացների արդյունքը առանձին վերցրած և հանրագումարով ուղիղ համեմատական է եղել «զրոյական արդյունքով խաղ»-ի վերջնարդյունքին։ Իսկ դրա հետևանքները ամեն օր կարելի է տեսնել հայկական մամուլի էջերում, բայց ամենամեծ հետևանքը բոլոր ժամանակների իշխանություններից բողոքող, բայց այդպես էլ իրենց գործողությունների մղող Տեսլականի կարոտ մնացած ժողովուրդն է։ Ժողովուրդ, որն այդպես էլ քաղաքացի չդարձավ ու հենց ձեր քաղաքական ամլության պատճառով։ 
Հ.Գ. Իրական քաղաքական փոփոխությունների սկիզբն ու առանցքը պետք է դարձնել ապագայի նկատմամբ հույս ներշնչող ու «հանուն»-ի համար մարդկանց պայքարելու լիցքեր տվող Տեսլական կերտելու գործընթացը։ Մենք սկսել ենք այդ տեսլականի բանաձևման գործընթացը, ինչի առաջին պտուղներին կծանոթանաք Սեպտեմբերի 21-ին։

 

Նարեկ Սամսոնյան