Իրանի նոր կառավարության նախարարական կազմը հետաքրքիր է նաև, եթե այն դիտարկենք նախարարների էթնիկ-լեզվական և տեղային պատկանելության առումով:

Ըստ այդմ՝ Իրանի պետական լեզու գրական նոր պարսկերենի հայրենիք Խորասանը ներկայացված է ի դեմս առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Ղազիզադե Հաշեմիի: մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Աբբաս Սալեհիի, ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի:

Իրանալեզվության և իրանական մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը համարվող Սպահանի նահանգը նոր կառավարությունում իր տեղն է ապահովել տնտեսական գործերի և ֆինանսների նախարար Մասուդ Քարբասիանի և գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի միջոցով:

Պարսկալեզվության, «պարսկական» տիպի բարբառների և իրանական պետականության բնօրրան համարվող Ֆարս և Խուզաստան նահանգները ներկայացնում են կապի և տեղեակտվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին, անվտանգության նախարար Մոհամմադ Ալավին և արդարադատության նախարար Ալի Ռեզա Ավային:

Իրանի թյուրքախոս Զանջան և քրդալեզու (նաև ոչ քրդական իրանական բարբառներով խոսող) Քերմանշահան նախանգներն ունեն մեկական նախարար՝ համապատսխանաբար պաշտպանության և զինված ուժերի օժանդակության նախարար Ամիր Հաթամին և նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:

Երկրի մայրաքաղաք Թեհրանը ներկայացնում են սպորտի և երիտասարդության նախարար Մասուդ Սոլթանիֆառը, արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Շարիաթմադարին, կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Ալի Ռաբիին, արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, կրթության և դաստիարակության նախարար Մոհամմադ Բաթհային:

Առայժմ թափուր են մնում գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների, ինչպես նաև էներգետիկայի նախարարների պաշտոնները:

Վարդան Ոսկանյան