Մինչ մեր լրագրողական հանրությունը՝ իր գերակշիռ մասով շարունակում է մնալ «80-ականների զենքերով ենք կռվում» պրոֆանական մակարդակի վրա, բավականին ուշագրավ փոփոխություններ են նկատվում Ադրբեջանի ռազմական դոկտրինում։ Այնպես չէ, որ այդ գործընթացը նոր է սկսվել ու այնպես չէ, որ դրա շուրջ կցկտուր տեղեկություններ չեն հայտնվում մեդիա դաշտում, բայց ամբողջական պատկեր ստեղծելու փորձերը քիչ են։
Խոսքը Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորախմբի հետևողական հզորացման մասին է, որը շարունակվում է մի քանի տարի, իսկ այս պրոցեսսի ռիսկերն ու նշանակությունը գնահատելու փորձերը մեդիա դաշտում քիչ են։ Օրինակ՝ քանի օր է ակտիվորեն խոսվում է Սու-25 գրոհիչների թռիչքների ու առհասարակ՝ ավիացիայի տեղակայման մասին։ «80-ականների զենքերով ենք կռվում» մակարդակի պատճառով, մամուլում հաճախ կտեսնես, որ անգամ չգիտեն, որ դա գրոհիչներ են, այլ ոչ կործանիչներ, կամ էլ կտեսնես իրադարձության խիստ գերագնահատում՝ «Ամա՜ն, բա ի՞նչ ենք անելու, Ադրբեջանն ավիացիա է բերել Նախիջևան»։
Այնինչ, Նախիջևանի ու դրանում տեղակայված զորախմբի մասին պետք է իմանալ մի շարք կարևոր բաներ։
1․ Ռազմաքաղաքական առումով՝ այն Ադրբեջանի ամենաբարդ ու խնդրահարույց տարածքն է Հայաստանի համար։ Փաստացի, Նախիջևանը՝ Ադրբեջանի կազմում պահելու հարցում Ադրբեանից ոչ պակաս, եթե չասեմ ավելի շատ է հետաքրքրված Թուրքիան։ Դժվար է ասել, թե կախված հանգամանքներից՝ որքանով է պատրաստ Թուրքիան տեր կանգնել այդ տարածքներին, բայց Նախիջևանի ուղղությամբ մեր ցանկացած ռազմական առաջխաղացում կարող է կազուս բելլի դառնալ Թուրքիայի համար։
2․ Նախիջևանը Ադրբեջանի միակ տարածքն է, որտեղից կարող են հեռահար միջոցներով թիրախի տակ առնել Երևանը։ Սա ոչ այնքան ռազմական նշանակություն ունի (իհարկե ունի, բայց կրկնում եմ՝ ոչ այնքան ռազմական), որքան ռազմավարական-հոգեբանական, որովհետև մի բան է, երբ հավանական ռազմական գործողությունների ընթացքում հարվածներ են հասցվում սահմանամերձ գոտում գտնվող բնակավայրերին և միանգամայն այլ բան է, երբ հրթիռներ են սկսում ընկնել երևանի արվարձաններում ու կենտրոնում։
3․ Նախիջևանը գտնվում է Արցախը մնացյալ Հայաստանին կապող գլխավոր ճանապարհի անմիջական հարևանությամբ։ Բարեբախտաբար՝ վերջապես քաղաքական կամք գտան ու կառուցեցին Սոտք-Մարտակերտ ավտոճանապարհը, որը այլընտրանք է Երևան-Գորիս ճանապարհին, բայց դա դեռ չի չեզոքցնում նշածս ռիսկը։
4․ Նախիջևանում այսօրվա դրությամբ տեղակայված զորախումբը բավականին տպավորիչ է ու մի քանի գրոհիչները վերջին բանն են, որ պետք է անհանգստացնեն մեզ, երբ խոսում ենք այդ զորախմբի քանակական ու որակական հնարավորություններից։ Պետք է հասկանալ, որ եթե Նախիջևանի ուղղությամբ ցանկացած օդային հարձակում մեր ՀՕՊ-ը առանց մեծ խնդիրների կարող է չեզոքացնել, ապա ցամաքային ստորաբաժանումների հարցում ամեն ինչ այդքան անամպ չէ։ Այնտեղ տեղակայված են ստորաբաժանումներ, որոնք զինված են նորագույն ռուսական ու թուրքական զինատեսակներով, իսկ այդ ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանումները չի կարելի ասել, որ անատամ են, բայց, համենայն դեպս, չունեն այնքան մարտական փորձ, որքան Արցախի պաշտպանական շրջանները ու/կամ ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված բանակային ստորաբաժանումները։ Մեծ հաշվով, սա նշանակում է, որ օրվա հրամայական է դառնում մեր պաշտպանական բնագծի այդ հատվածի հզորացում ու սպառազինությունների մրցավազքում նոր կետերի ավելացում։
5․ Պետք է հասկանալ նաև, որ ի տարբերություն Արցախի, Նախիջևանը սահմանակցում է միջազգայնորեն ճանաչված ՀՀ սահմանի հետ ու ինչպես իրենք ունեն պայմանագիր թուրքերի հետ, այնպես էլ մենք ունենք պայմանագիր ռուսների հետ։ Սակայն չի կարելի ապավինել միայն ու միայն ռուսների ճշտապահության ու պատրաստակամության վրա, երբ կողքդ ունես նման դամոկլեսյան սուր։
6․ Պետք է հասկանալ նաև, որ սա դեռ չի նշանակում, որ պետք է չափից շատ դրամատիզացնել ու խուճապի մատնվել։ Եթե խիստ պարզեցված խոսենք, ապա Նախիջևանում տեղակայված ուժերը բացարձակ հերիք չեն «Երևանը գրավելու» համար։ Ես ավելի շուտ կհամեմատեյի դրանք մեր Իսկանդերների հետ․ նախիջևանյան զորախումբը Ադրբեջանի «վերջին խոսքն է»՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում, նամանավանդ, եթե հայկական կողմը սկսի հեռահար հրթիռներով հարվածներ հասցնել Ադրբեջանի խորքում տեղակայված թիրախների (այդ թվում՝ Բաքվին)։ Ասել է թե՝ եթե դուք Բաքվին հարվածներ հասցնեք, մենք էլ Երևանը կհրթիռակոծենք՝ անկախ նրանից, թե ինչ հետևանքներ դա կունենա։
Այնպես որ, սիրելի՛ հարգելիներ, նավթալինի հոտով «80-ականների զենքերի» թեմայից մի քիչ կտրվեք, շատ ավելի կարևոր ու օրհասական թեմաներ կան, որոնք քիչ են լուսաբանվում, չնայած շատ ավելի մեծ կարևորություն ունեն։
Հ․Գ․ Չէի կարող ինձ զրկել հաճույքից ու մի քիչ էլ չշարունակել 80-ականների զենքերի թեման։ Ապրիլյան մարտերի ժամանակ ամենաարդյունավետ զորատեսակը, որը ամենամեծ կորուստներն է պատճառել հակառակորդին՝ հրետանին էր, իսկ մեր հրետանում առկա զինատեսակները լավագույն դեպքում 70-ականների են, իսկ հիմնականում՝ 50-60-ականների
Կոնստանտին Տեր-Նակալյան