Իրանի Իսլամական Հանրապետության 12-րդ կառավարության անդրանիկ նիստում ԱԳ նախարարի պաշտոնում վեընտրված Մոհամմադ Ջավադ Զարիֆը հստակեցրել է արտաքին քաղաքական այն ուղենիշը, որին հետևելու է Իրանը։
Մ․-Ջ․ Զարիֆն առանձնացրել է երկու կարևոր սկզբունք, որոնց շրջանակներում էլ գործելու է Իրանն առաջիկա չորս տարիներին, դրանք են՝ տնտեսական դիվանագիտությունը և միջուկային համաձայնության պահպանումն ու հետագա զարգացումը։
Փաստորեն, պաշտոնական Թեհրանը հստակորեն ցույց է տալիս և չի էլ թաքցնում ձեռք բերված միջուկային համաձայնության կարևորությունը, դրա պահպանումը, կիրառումը և զարգացումը՝ դարձնելով այն արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը։
Միջուկային համաձայնության ստորագրման առաջին իսկ օրից Իրանում մեծ հույս են կապում այս ծրագրի հետ՝ համարելով, որ այն համար կարող է դառնալ տնտեսական, սոցիալական և որ ամենակարևորն է քաղաքական ցատկահարթակ, որովհետև ապահովելու է Իրանի մերձեցումն աշխարհի հետ, և Իրանն իր հետևողական քայլերով, հստակորեն պահպանելով միջուկային համաձայնությունը հենց դրան էլ գնում է։
Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ երկրի հոգևոր առաջնորդ Ա․ Խամենեի՝ նախագահ Հ․ Ռուհանիի գլխավորած կառավարության առջև դրած երեք պայմաններից մեկը հենց միջազգային հանրության հետ ընդլայնված համագործակցությունն էր, ապա առաջիկայում, հավանաբար, Իրանը, օգտագործելով միջուկային համաձայնության ընձեռած հնարավորությունները, փորձելու է ավելի ակտիվ, նախաձեռնող և ինչ-որ տեղ նաև «ագրեսիվ» արտաքին քաղաքականության վարել բոլոր ուղղություններով։
Ահարոն Վարդանյան