Իմ կարծիքով՝ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի պատմությունը բլեֆ է։ Գաղտնիք չէ, որ Արևմուտքի հետ օր օրի ավելի խորացող առճակատման պայմաններում գտնվող Ռուսաստանը ցավագին է ընդունում «ախոյանների» ու «յուրայինների» սեպարատ հարաբերությունները ու առավել ևս՝ մերձեցման փորձերը։ Դա գաղտնիք չէ նաև ՀՀ իշխանությունների համար, որոնք էլ, ըստ իս, փորձում են օգտվել այդ գործոնից ու դիվիդենտներ քաղել։

 

Իսկ ակնկալվող դիվիդենտները Ռուսաստանից քիչ չեն։ Նախ՝ սպասվում է Սարգսյան-Ալիև հանդիպում և վստահ եմ, որ այդ հանդիպման արդյունքներից, իսկ ավելի կոնկրետ՝ հնարավոր արդյունքների հարցում ՌԴ դերակատարությունից շատ բան կախված կլինի շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում։


Բացի դրանից, շրջանառության մեջ է դրվել ուշագրավ տեղեկություն, որ Հայաստանը հետաքրքրված է վարկով զենքի նոր գործարքի կնքման մեջ։ Ծուռը նստենք, դուզը խոսենք․ նախորդ գործարքը հիշեցնում էր գյուղական խանութում «նիսիայի տետրում» արվող նշումով առևտուր, որի ժամանակ հայտնի չէ, թե քեշ փողը երբ կտրվի ու կտրվի՞ արդյոք։ Դե Իսկանդերների ձեռքբերման ֆինանսական կողմն էլ մնում է մեծագույն գաղտնիք, քանի որ ձեռքբերված դիվիզիոնը՝ իր լիցքավորման մեքենաներով ու հրթիռներով հանդերձ, ունի շուկայական այնպիսի գին, որքան մոտավորապես կազմում էր զենքի դիմաց տրված վարկը, բայց Իսկանդերները ձեռք էին բերվել ավելի վաղ։

 

Ինչևէ, բացի զենքից ու Արցախյան հիմնախնդրից, էլի մի քանի շոշափելի բոնուսներ կան, որոնց մեր իշխանությունները հավակնում են ու հանուն որոնց խաղարկում են շրջանակային համաձայնագրի խաղաթուղթը։ Նման բոնուսներ կարող են լինել ոչ ռազմական վարկերը, ներդրումները ու ԵԱՏՄ-ի կոնտեքստում Հայաստանին որոշակի արտոնություններ ու վերապահումեր տրամադրելը, առավել ևս, որ մենք մի քիչ բեսպրեդել ենք անում ԵԱՏՄ-ում ու մի շարք կետերով լուրջ խախտումներ ենք թույլ տալիս (օրինակ՝ ԵԱՏՄ անդամների համար թույլատրելի բյուջեի դեֆիցիտի սանդղակի գրեթե կրկնակի գերազանցումը, կամ էլ մեքենաների ներկրման մաքսերի հետաձգումը)։

 

Ի՞նչ խոսք, այս ամենը շատ համեղ ու ախորժելի է թվում, այլ հարց է, թե բարդ տնտեսաքաղաքական կացության մեջ հայտնված Ռուսաստանը որքանով է պատրաստ մեր ամբիցիաները բավարարելուն ու/կամ, որ պակաս կարևոր չէ՝ որքան չի ուզում, որ շրջանակային համաձայնագիր ստորգրվի։

 

Մյուս կողմից, եթե մենք բլեֆ չենք անում, կամ էլ բլեֆը չանցավ, շրջանակային համաձայնագիր ստորագրելն էլ որոշակի դիվիդենտներ կբերի, հատկապես՝ ֆինանսա-դրամաշնորհա-վարկային դիվիդենտներ։ Բայց դե ո՜նց մտածում եմ, միևնույն է, չի ստորագրվելու, որովհետև պետք չի մոռանալ, որ ռուսները բացի փշի-փշի անելու լծակներից, ունեն նաև Արցախյան հիմնախնդիր կոչվող դագանակը և ես բնավ չէի բացառի նոր էսկալացման ու հերթական միկրոպատերազմի սցենարը՝ հանուն այդ չարաբաստիկ համաձայնագրի չստորագրման։

 

 

Կոնստանտին Տեր- Նակալյան