Ադրբեջանի և Իսրայելի միջև քաղաքական անհամաձայնությունները անցել են երկրորդ փուլ: Իսրայելում Մեհրիբան Ալիևայի ֆինանսական ներդրումների, Ալիևի որդու հիվանդության և Իսրայելում բուժման վերաբերյալ իսրայելական կողմից տեղեկատվության միակողմանի բացահայտմանը հաջորդեց հերթական միջադեպը, երբ իսրայելական հեղինակավոր Aeronautics Defense Systems կազմակերպության օպերատորները մերժել են Ադրբեջանին տրամադրված իսրայելական ԱԹՍ-երի' հայկական դիրքերի ուղղությամբ մարտական կիրառման' ադրբեջանական կողմի պահանջը:
Սա նշանակում է, որ կազմակերպության օպերատորներն Իսրայելի պաշտպանության նախարարությունից իսկզբանե հանձնարարական են ունեցել ԱԹՍ-երը փորձարկել միմիայն ոչ մարտական պայմաններում: Դա է հաստատում այն հանգամանքը, որ չնայած ադրբեջանական կողմի ճնշումներին, իսրայելցի օպերատորները, այնուամենայնիվ, տեղի չեն տվել:
Անկախ նրանից, թե իսրայելական կողմի այս դիրքորոշումը ուներ հակաթուրքական ուղղվածություն' պայմանավորված վերջին շրջանում Թուրքիայի հակառակորդների ու դաշնակիցների հետ Իսրայելի կապերի սերտացման հարցերով, օրինակ' Իսրայել-Հունաստան-Կիպրոս առանցքի ձևավորումը, կամ թե դիրքորոշումը ունի միջնաժամկետ նպատակներ' ամրապնդելու դիրքերը Հարավային Կովկասում, կամ միգուցե կրում է զուտ հակաիրանական ուղղվածություն, այսուհանդերձ, արձանագրում ենք, որ ադրբեջանա-իսրայելյան սերտ համագործակցության միտումները Իսրայելում վերանայվում են: Ընդ որում, գրանցենք, որ այս միջադեպը երկկողմ հարաբերություններում ռազմաքաղաքական նշանակության առաջին հակասությունն էր կամ տհաճ միջադեպը, որը կարծում եմ, պետք է որակել որպես խորհրդանշական և նախադեպային:
Մյուս կողմից, անկախ քաղաքական տարբեր վարկածների ու սցենարների հաշվառումից, փաստում ենք, որ բալանսավորվում են նաև Հայաստանի և Իսրայելի միջև քաղաքական հարաբերությունները, որը պետք է համարել լուրջ քաղաքական- դիվանագիտական ձեռքբերում հայկական կողմի համար: Դատելով հայ-իսրայելական քաղաքական հարաբերությունների զարգացման և այդ համատեքստում ադրբեջանա-իսրայելյան համագործակցության թուլացման զուգահեռաբար ընթացող միտումների ողջ տրամաբանությունից' հայկական կողմի համար լավ հնարավորություն է բացվում Հայաստանի դիվանագիտությունում Իսրայելի հետ համագործակցությունում գոյացած վակուումը արդյունավետ լրացնելու' նախևառաջ Իսրայելում ՀՀ ռեզիդենտ դեսպանի նշանակման որոշում ընդունելով: