Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին, որում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված քայլերի նախաձեռնման անհրաժեշտության, ռազմական բախումների հնարավորության նվազեցման հարցերին։ Ամերիկացի դիվանագետի կողմից տրված հարցազրույցն ինքնին արդեն ուշագրավ է մասնավորապես վերջին օրերին ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում նկատվող նոր լարվածության, ՌԴ նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության համատեքստում։
Հայտնի է, որ 2016-ի ապրիլյան ռազմական գործողություններից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ շփման գծում խախտումների քննության մեխանիզմների ներդրման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման հարցում շահագրգռված է հիմնականում հայկական կողմը' ի տարբերություն Ադրբեջանի, որը ամեն կերպ խոչընդոտում է այդ հանաձայնությունները։ Այս տեսանկյունից Հոգլանդի հնչեցրած մոտեցումը' վստահության ամրապնդմանն ուղղված հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ, ուղերձ են հենց հայկական կողմին։
Խնդիրն այն է, որ ՌԴ նկատմամբ վաշինգտոնյան նոր պատժամիջոցները կվնասեն նաև Հայաստանի տնտեսությունը, ուստի պատժամիջոցների հետևանքների զսպման նպատակով Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական-քաղաքական գործակցությունը կկոնսոլիդացվի' նպաստելով երկկողմ շահերի մերձեցմանը։ Հոգլանդի հայտարարությունը թերևս ուղղված է նրան, որպեսզի հայկական կողմը արցախյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում ակնկալիքներ, հետևապես որոշակի կախվածություն ունենա Վաշինգտոնից։ Հարցն ակտուալանում է սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նախատեսվող հերթական հանդիպման նախաշեմին, որից, ըստ էության, դրական լուրջ տեղաշարժ սպասել առանձնապես պետք չէ։