Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին, քանի որ վերջինս կրճատել է ամերիկյան դիպլոմատների թիվը Ռուսասանում ոչ ավել, ոչ պակաս 755-ով։ Թրամփը նշել է, որ դրանով պետական ապարատի ծախսերը զգալիորեն կկրճատվեն, ու հնարավորություն կլինի ահագին գումար խնայել բյուջեից։ Կեսկատակ, կեսլուրջ, սա նշանակում է, որ ԱՄՆ նախագահը Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացում մոտ ապագայում չի տեսնում։

 

Եվ դեռ հայտնի չէ՝ ինչպես է սրան արձագանքելու Վլադիմիր Պուտինը։ Սակայն մեղմ ասած՝ Ռուսաստանի նախագահին այս ամենը դուր չի գա։ Փաստորեն՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները թևակոխում են ճգնաժամային որակապես այլ փուլ, ինչը վաղ թե ուշ զգացնել է տալու նաև տարածաշրջանում գործող այլ պետությունների, նույն թվում նաև՝ Հայաստանի վրա։

 

Միևնույն ժամանակ, սակայն, երկու երկրներում քաղաքական լուրջ զարգացումներ են սպասվում արդեն 2018 թվականին ընդառաջ։ Թրամը գնալով ավելի է տեղի տալիս ամերիկյան կառավարող օղակների՝ ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության ու ազդեցության վերաբերյալ քննարկումներում ու արդեն աշնանը կարող է դրվել նրան իմպիչմենտ հայտնելու հարցը, իսկ Պուտինին ավելի լուրջ փորձություն է սպասվում, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում շուտով նախագահական ընտրություններ են, ու դեռ հայտնի չէ՝ առաջարդվելու է Պուտինը, թե ոչ։

 

Ավելի ճիշտ՝ քաղաքագիտական շրջանակների համար պարզ է, որ առաջադրվելու է, պարզապես դեռ պաշտոնապես այդ մասին ոչ մեկ չի հայտարարել։ Ահա այս երկու իրադարձություններից հետո էլ պարզ կդառնա, թե ի վերջո ինչպես կզարգանան Ռուսաստանի ու ԱՄՆ հարաբերությունները՝ կթևակոխեն դրանք վերջապես կայունացման փուլ, թե նոր ճգնաժամ տեղի կունենա։ Պարզապես հարկ է նշել, որ եթե մի գործընթաց սկսում է ձգձգվել, օրինակ՝ ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ արդեն ոչ թե ժամանակավոր, այլ ինստիտուցիոնալ բնույթ է սկսում կրել, ժողովրդական լեզվով ասած՝ «խասյաթ» է դառնում։