Իրանի նախագահ Հասան Ռուհանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում կրկին առաջադրել է Մոհամմադ Ջավադ Զարիֆի թեկնածությունը: Ուսումնասիրելով արտգործնախարար Զարիֆի ներկայացրած ծրագիրը՝ նկատում ենք, որ առաջիկա տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունն արտաքին քաղաքականության ոլորտում երկու կարևոր առաջնահերթություն է առանձնացրել՝ տարածաշրջանային խնդիրների կարգավորում և արտաքին տնտեսական կապերի խորացում, ինչպես հարևանների, այնպես էլ ԵԱՏՄ-անդամ երկրների և արդյունաբերական արտադրությամբ հայտնի Եվրամիության և Ասիայի երկրների հետ:
Որպես առաջնահերթություն՝ դիտարկվում է Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը, միևնույն ժամանակ կարևորվում է Միացյալ Նահանգների հետ ունեցած լարվածության կառավարումը: Ինչ վերաբերում է Պարսից ծոցին, ապա Թեհրանն արդեն իսկ «մեսիջ» է հղել Սաուդյան Արաբիային առ այն, որ Թեհրանը հակված է Էր Ռիադի հետ կարգավորելու հարաբերությունները:
Ուշագրավ է, որ որպես մարտահրավեր դիտվում է տարածաշրջանի որոշ երկրների կողմից սալաֆիական խմբավորումներին ցուցաբերած աջակցությունը, գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հենց Ադրբեջանում են ակտիվացել Սաուդյան Արաբիայի ֆինանսավորմամբ գործող սալաֆիական խմբավորումները:
Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ առաջիկա տարիներին Իրանը, տարածաշրջանում առկա մարտահրավերը հաշվի առնելով, նախորդ տարիների համեմատ վարելու է մի փոքր ավելի կոշտ քաղաքականություն, որը, սակայն, չպետք է խոչընդոտի տնտեսական կապերի ձևավորմանը: