Ամեն անգամ, երբ որևէ պրոդյուսեր, ռեժիսոր կամ իրեն դրանցից մեկը հորջորջող կինոպռառաբ հայտարարում ա, որ Հայաստանում սցենարիստական դպրոց չկա' ծիծաղս գալիս ա, թե չէ ռեժիսորական դպրոցներն ամեն քայլափոխի են, սուպերմարկետների պես... Կամ եթե մեկը Հայաստանի Հանրապետության պետական սահմանից մի քայլ էն կողմ ա սովորել, արդեն կնիքը ճակատին խփած ռեժիսոր ա։ Ոչի՞նչ, որ շատերը սցենարիստ ասելով հասկանում են գրչակի, որը ռեժիսորի ու պրոդյուսերի (դե պրոդյուսերական դպրոցների մասին էլ չասենք ու չասենք, թափած են մայթերին) հլու կամակատարն ա։ Եթե պիտի կինոյի ասպարեզում հիմնական թելադրող լինեն միայն պրոդյուսերները, որոշ ժամանակ անց կունենանք ի սկզբանե քանոնով հաշվարկած, դզած-փչած, շուշաթղթած կինո, որը կարելի կլինի մեծաքանակ դրսում ծախել, ասենք' հայկական ծիրանի ու ձմերուկի պես: Առանց նեղանալու: Իսկ եթե պիտի ռեժիսորների հեգեմոնիա լինի, կունենանք գիժ-գիժ կինոներ, չթռչող ինքնաթիռների նման ծանր, անշրջահայաց ու վախենալու։ Կինոն, ըստ իս, բոլորի ջանքերի միավորումն ու նաև խելամիտ կոմպրոմիսը: Եթե դա սովորական կինոն ա: Բայց կա ռեժիսորական կինո, պրոդյուսերական, դերասանական, անգամ օպերատորական։ Եվ ո՞վ ասաց, որ դրանք կինո չեն: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե, ասենք, Փարաջանովին կամ Փելեշյանին պրոդյուսերները ստիպեին նկարել սեփական տեսլականով ֆիլմեր, որոնք լավ վաճառվեին... Բըռռռռ... Կինոյի օրենք, իհարկե, պետք ա, անհրաժեշտ ա: Եվ շատ վաղուց: Բայց պետք չի պատկերացնել, որ այսուհետև կինոաշխարհի շիռպատրեբ, դրսում գրված մոտեցումները մեզ համար պիտի դառնան ոսկե օրենքներ: Եվ պետք չէ մեղքը բարդել նույն ոլորտի մյուս ճյուղերը ներկայացնողների թվացյալ ապաշնորհության վրա՝ սևացնելով նրանց ու կավիճ քսելով սեփական դեմքին։ Հեռախոսով նկարած կինոն էլ ա կինո: Ու նույնիսկ շատ լավ կինո: Մի խոսքով՝ պետք չի էլի' վսե վ գավնե ա յա վ բելոմ ֆռակե։ Զավեշտալի ա, երբ նույն տաշտակում ճողփացողներից մեկը փորձում ա ջուրը քաշել իր կողմը։ Իսկ էդ արանքում մի քանի իսկապես տաղանդավոր մարդիկ, գլուխները կախ, շարունակում են Սիզիփոսի պես վեր գլորել ժայռը ու ֆիզիկայի բոլոր օրենքներին հակառակ հասցնում են սարի գագաթը: Սիրենք զդիմացինս, մեր ժողովուրդը մեզնից գործեր ա ակնկալում, ոչ թե փոխադարձ մեղադրանքներ ու մեծամիտ, սին հայտարարություններ։ Ասում եմ որպես սցենարիստ ու ռեժիսոր, ով չի ուզի, թող չընդունի: Բայց ախր իրականում կինո ենք նկարում, էլի հո աշխարհը շալակած չե՞նք տանում։ Ավելի համեստ, պարոնայք, ավելի համեստ...