Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական իշխանությունների, մասնավորապես՝ հատուկ ծառայությունների ներգրավվածությունն ամերիկյան ընտրություններում արդյունքների առումով, Դեմոկրատական կուսակցության տարածած ասեկոսեներն են, քանի որ նրանք ոչ մի կերպ չեն համակերպվում այն մտքի հետ, որ պարտվել են ընտրություններում։
Նկատենք, որ դեմոկրատները բավականին լավ են օգտվում այս խաղաթղթից ու ոչ միայն Դեմոկրատական, այլ հենց Հանրապետական կուսակցության շրջանակներում քիչ չեն մարդիկ, ովքեր նույնպես վստահ են, որ Դոնալդ Թրամփին ընտրություններում հաղթելու գործում մեծապես օգնել են ռուսները։ Այս թեզն աստիճանաբար ամերիկյան հասարակության, ինչպես նաև կառավարող էլիտաների շրջանակներում դառնում է գերակա, բնականաբար, թուլացնելով նախագահի դիրքերը։ Մասնավորապես երեկ ԱՄՆ-ի սենատը հայտարարություն է տարածել, որով նախագահը չի կարող առանց սենատի թույլտվության որոշումներ կայացնել, քանի որ վերջինս արձակուրդ է գնում։ Թրամփն ստեղծված իրավիճակում ունի իրավիճակի վերահսկման շատ քիչ տարբերակ։
Եթե ամեն ինչ այսպես ընթանա, ապա այս հակառուսականության քաղաքական երկխոսությունն իսկապես կարող է նրա համար լինել ճակատագրական։ Ուստի պետք է հարմարվի ու կատարի օրենսդիրի որոշումներն՝ ըստ էության՝ դառնալով «անգլիական թագուհի», մյուս դեպքում ընդվզի, սակայն դրա համար բավարար քաղաքական հենարան չունի։ Մանավանդ որ իրավիճակը խառն է նաև սեփական աշխատակազմում։ Հրաժարականները հաջորդում են մեկը մյուսին, իսկ օրերս հրաժարական տվեց նաև Սպիտակ տան աշխատակազմի հանրության հետ կապերի պետ Անտոնիո Սկարամուչին, որը նույնպես ազդեցիկ դերակատար էր։ Մի խոսքով՝ Թրամփի համար մանևրելու հնարավորությունը գնալով քչանում է: