Հատուկ քննչական ծառայությունը կարճել է «Զիբիլիքս» անունը ստացած հայտնի գործը, որով «ԵԼՔ» դաշինքը բողոք էր ներկայացրել Երևանի ավագանու ընտրությունների օրը ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու կապակցությամբ։ Հիշեցնենք, որ այս գործով քննություն ընթացք էր ստացել այն ժամանակ, երբ հենց ընտրությունների օրը ԵԼՔ-ի ներկայացուցիչներից մի քանի հոգի մտել էին ՀՀԿ շտաբներից մեկը, որտեղ աղբամանում հայտնաբերել էին ցուցակ, որը այդ ընտրատարածքի բնակիչների անուններով էր հագեցած։

 

ՀՔԾ-ն հայտարարել է, որ բավարար չափով արգումենտներ ու ապացույցներ չկան այդ գործով մարդկանց ձերբակալելու համար։ Սա երևի թե կարելի է համարել հայկական արդարադատության գերեզմանափորը։ Այսինքն՝ ստացվում է այսպես. միակ տարբերակը, ըստ որի՝ կարող է ընտրություններում հանցագործության մասին տրված հաղորդումը բավարարվել, այն դեպքը կլինի, երբ, օրինակ, ընտրակաշառք վերցնողը տեսախցիկների առջև հայտարարի, որ ընտրակաշառք է վերցրել ու պահանջում է պատժել իրեն։

 

Տեսեք, Հայաստանում վերջին ժամանակներս շատացել են վենդետայի դեպքերը. մեզ՝ հանրությանը գոնե հայտնի է երեք դեպք։ Սակայն դեռ ինչքան երևույթներ կան, որոնք մնում են տեսադաշտից դուրս։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչու են առաջանում այդպիսի դեպքեր։ Մարդիկ պարզապես չեն հավատում Հայաստանում արդարադատության համակարգին ու հարցերի լուծումը տեսնում են բռնության ու ինքնադատաստանի միջոցով։ Հիմա սույն դեպքում «ԵԼՔ»-ը ներկայացրել է ապացույցներ, մեր համոզմամբ՝ հավաստի տեղեկություններ, սակայն էլ ի՞նչ է մնում անել այս քաղաքական ուժին, եթե ոչ դիմել ծայրահեղ քայլերի հենց թեկուզ քաղաքական պայքարում։ Եթե չի ապահովվում այդ տարրական սկզբունքը, ապա իշխանությունն ու հենց ՀՀԿ-ն թող հեչ չզարմանան, որ հետագայում Հայաստանում «Սասնա ծռեր-2» տեղի ունենա։