Ուշագրավ «բացահայտումներ» է արել Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը, որը պաշտոնական Բաքվին բացարձակ դուր չի գա, քանի որ դրանով Հուսեյնովը նաև քարուքանդ է անում Ալիևների կողմից առաջ տարվող այն թեզը, թե Արցախյան պատերազմում Ադրբեջանը պարտվել է, քանի որ Հայաստանին և Արցախին օգնել են ռուս զինվորականները: Երկար տարիներ է Հեյդար և Իլհամ Ալիևները սեփական հասարակությանն այդ ստով են կերակրել և կերակրում մինչև հիմա: Սակայն Ադրբեջանի նախկին վարչապետի հարցազրույցը ölkə.az-ին հակառակն է ապացուցում: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանում շատերը նրան համարում են ՌԴ-ի «մարդ», վերջինս վիրավորված ոչ միայն հերքել է, այլև ասել. «Ժամանակին ես վարձկան զինվորականների էի հրավիրել Ռուսաստանից, որոնց միջոցով հողեր էի ազատագրում: Նրանց վճարել եմ իմ գրպանից: Այդ ժամանակ ռուսաստանյան ռազմական ստորաբաժանումներից բացի ինձանից ոչ ոք չէր կարող զենք և զինամթերք ստանալ»: Այսինք, Ադրբեջանի նախկին վարչապետը ընդունում է, որ Արցախյան գոյամարտի տարիներին Ադրբեջանին օգնել է Ռուաստանը: Համոզված եմ, որ Հուսեյնովն ի նկատի ունի 1992 թ-ի հուլիսի 12-ի իր գլխավորությամբ կազմակերպված հարձակումը Շահումյանի և Մարտակերտի ուղղությամբ, որի արդյունքում արցախյան կողմը մեծ տարածքային կորուստներ ունեցավ: Հաջողություններ գրանցած Հուսեյնովի համար տեղծվեց 2-րդ բանակային կորպուսը, որի հրամանատար նշանակվեց վերջինս: Իսկ նույն թվականի սեպտեմբերին Հուսեյնովին շնորհվեց «Ադրբեջանի ազգային հերոս» կոչումը: Այդ դեպքերից 25 տարի անց Շահումյանի և Մարտակերտի շրջաններիի մեծ մասը գրաված գնդապետ Հուսեյնովը բացահայտեց, թե ում շնորհիվ է ադրբեջանական բանակը գրանցել այդ հաջողությունը: Այո, Շահումյանի և Մարտակերտի շրջաններն ադրբեջանցիներին սկուտեղի վրա մատուցել են ռուսաստանցի զինծառայողները, որոնք համոզված եմ, որ իրենց սեփական նախաձեռնությամբ դա չեն արել: Հրահանգը եղել է «վերևից»՝ Մոսկվայից:
Զարմանալի է, որ Ս.Հուսեյնովը վիրավորվում է, երբ նրան անվանում են ռուսների «մարդ»: Հենց ինքն է դա ընդունում, որ ժամանակին Մոսկվան միայն նրան էր զենք տալիս: Դրանից ավելի լավ ապացույց, որ նա ռուսների «մարդն» է:
Հիմա ի՞նչ է անելու պաշտոնական Բաքուն Հուսեյնովի անկեղծություններից հետո: Ի դեպ, Հուսեյնովի այս հարցազրույցն արտատպվել է որոշ ալիևյան կայքերի կողմից:
Համոզված եմ՝ կփորձեն կոծկել և մոռացության մատնել: