Ամռանը հաճելի է շաբաթվա ավարտն անցկացնել բնության գրկում: Սակայն երբեմն այն կարող է ավարտվել առողջության հետ կապված խնդիրներով, ինչը կխափանի հանգիստը:
Նման իրավիճակներից խուսափելու և հանգիստը լիարժեք վայելելու համար պետք է հետևել մի քանի պարզ կանոնի: Բնության գրկում հանգստանալիս նախ անհրաժեշտ է պաշտպանվել միջատներից, քանի որ դրանք կարող են վարակիչ հիվանդություններ տարածել։ Միջատներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում բնության գրկում օգտագործել միջատներին վանող նյութեր և կրել բաց գույնի երկարաթև հագուստ։
Բացի այդ, խորհուրդ է տրվում.
շուտ փչացող մթերքը տեղափոխել և պահել սառնարան-պայուսակներում
չգնել անհայտ ծագման միս-մսամթերք և այլ շուտ փչացող մթերք' այն վայրերից, որոնք նախատեսված չեն առևտրի համար և չունեն համապատասխան ուղեկցող փաստաթուղթ
խորհուրդ չի տրվում վերցնել կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար
խմելու համար օգտագործել շշալցված ջուր
կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն)
սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հիվանդածին մանրէների փոխանցողներ են: Սնունդը անպայման պահել լավ փակվող տարաներում կամ փաթեթավորել պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով
խորովածի համար օգտագործել պատրաստի փայտածուխ, սննդի համար՝ միանվագ օգտագործման ափսեներ և այլ պարագաներ
սնունդը, խորովածը պատրաստել անմիջապես ուտելուց առաջ: Պետք է հիշել, որ մանղալի վրա պատրաստված միսը ոչ միշտ է դառնում անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում է եփված, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ:
Խորովածի մսի պատրաստման ժամանակ առատորեն օգտագործել համեմունքներ՝ կարմիր և սև պղպեղ, մանանեխ, քրքում, ուրց և այլն, քանի որ դրանք օժտված են ախտահանող հատկություններով
պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվանալ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ՝ ցանկալի է օճառով: Ձեռքերը, սպասքը, միրգն ու բանջարեղենը լվանալ խմելու համար նախատեսված կամ շշալցված ջրով
չօգտվել ջրի պատահական աղբուրներից: