Ինչպես ասում են, վարպետ, պահեք, իջնող կա։ Այլ կերպ ասած՝ իշխանություններն սկսել են խոսել արտագաղթից։ Ոչ թե բուն թեմայից, այլ Հայաստանին սպառնացող վտանգներից։ Վիճվարչությունը թվեր է հրապարակել, ըստ որի՝ վերջին մեկ տարում Հայաստանը լքել է 15.000 մարդ, նախորդի համեմատ 2 անգամ շատ։ Սա Հայաստանի նման երկրի համար հսկայական ցուցանիշ է, որը չի կարող չանհանգստացնել իշխանություններին։ Եվ ահա, ԱԺ Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը բարձրաձայնում են արտագաղթի մասին իրենց մտահոգությունը։
Բա, այ եղբայրներ ջան, որ տարիներով խոսում ենք դրա մասին, իսկ բերաններս արդեն հոտեց դրա հետևանքների մասին խոսելով, ո՞ւր էիք։ Ընդ որում՝ թող ոչ մեկի չթվա, թե այդ արտագաղթի ալիքը սկսվել է այս կամ անցյալ տարի։ Դա շատ ավելի հիմնավոր սոցիալական բաղադրիչներ ունի ու, այո՛, պետական անհաշվենկատ գործողությունների, կառավարման արդյունք է։ Հիմա, այսինքն, կարելի է տարիներով բռնաբարել կառավարումն ու վերջում կանգնել, լուրջ դեմքով խոսել արտագաղթի՞ց։
Օբյեկտիվ պատճառներ, իհարկե, կան, դրանք մեկը չեն, մի քանիսն են, սակայն հանրությունը նաև վստահ է, մենք բոլորս վստահ ենք, որ դրա հետ մեկտեղ ամեն ինչ չի արվել պետության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Եթե արվեր, հավատացեք, մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, կհասկանար ու կներեր։ Բայց երբ պետության ղեկավարը «լայաղ» չի անում հանրությանը ուղերձ հղել նույնիսկ այն ժամանակ, երբ երկրում պատերազմ է, ապա արտագաղթ էլ կլինի, տեռոր էլ, ահաբեկչություն էլ։ Բա ո՞նց։ Իսկ ինչո՞ւ չպիտի լինի...