Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում. ամրապնդվում են «Ալ-Կաիդայի» դիրքերը

 

Սիրիայից ստացվող վերջին տեղեկությունների համաձայն՝ այդ երկրի՝ հակակառավարական խմբավորումների կողմից ամբողջապես վերահսկվող միակ նահանգում՝ Իդլիբում, բավական վտանգավոր իրավիճակ է ստեղծվել. շրջանում բացարձակ առվելություն է հաստատել «Ալ-Կաիդայի» սիրիական ճյուղավորման՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»(ՀԹՇ, նախկինում՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա») գլխավորած տարաբնույթ խմբավորումների դաշինքը: Բանն այն է, որ հատկապես Հալեպի կորստից հետո՝ վերջին կես տարվա ընթացքում, Իդլիբը վերածվել էր հակակառավարական առանցքային տարաբնույթ խմբավորումների կարևորագույն որջի, որտեղ վերջնական դոմինանտության հասնելու համար արյունալի մարտերը չէին դադարում: Հիմնական պայքարն ընթանում էր ՀԹՇ-ի և սիրիական «չափավոր» ընդդիմադիր ամենազդեցիկ կառույցներից մեկը հանդիսացող «Ահրար ալ-Շամ»(ԱՇ) խմբավորման գլխավորած դաշինքների միջև. ռազմական գործողություններն ընթանում էին փոփոխական հաջողություններով, շատ կարճատև հրադադարներով՝ պայմանական ազդեցության գոտիների բաժանման եղանակով:

 

Եվ ահա՝ ամենաթարմ տեղեկատվության համաձայն՝ ՀԹՇ-ն ջախջախիչ պարտության է մատնել ԱՇ-ին. ըստ սոցցանցերում շրջանառվող լուրերի՝ վերջինի շուրջ 13 հզ. զինյալներ անցել են հակառակորդի շարքերը: Անշուշտ, հնարավոր է՝ նշված թիվն ուռճացված է, սակայն եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա խոսքը գնում է ԱՇ-ի զինյալների ամբողջ թվի մոտ կեսի մասին: Մյուս կողմից, չափազանց կարևոր է փաստի նշանակությունը, քանի որ, ըստ էության, Իդլիբն ամբողջությամբ անցել է «ջիհադականների» վերահսկողության ներքո:
ՀԹՇ-ի հաջողության մի քանի պատճառ է նշվում՝ նախ խմբավորման զինյալների առավելությունը մարտունակության և ռազմատեխնիկայի առումով, ապա նաև այն, որ հակառակորդ դաշինքին հարող հիմնական խմբավորումները լոկալ բնույթի էին՝ ոչ ունակ արժանի դիմադություն ցուցաբերելու:

 

Իդլիբում ստեղծված իրավիճակը որոշակիորեն բացասական ազդեցություն է ունենալու ինչպես ներսիրիական զարգացումների, այնպես էլ՝ նաև սիրիական հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացի վրա: Նախ ՀԹՇ-ն սիրիական հակամարտության ամենամարտունակ և անկանխատեսելի դերակատարներից է, և չեն բացառվում խմբավորման հետագա առաջխաղացման հնարավորությունները դեպի հարևան նահանգներ՝ հիմնականում Հալեպ և Լաթակիա: Մյուս կողմից, բացի Իդլիբից, Սիրիայի մյուս հատվածներում «չափավոր» ընդդիմադիր խմբավորումների կողմից վերահսկվող շրջաններն աշխարհագրական և ռազմավարական կարևորության տեսանկյունից խիստ աննշան են, ազդեցության գոտիները՝ հատվածային: Հաջորդ կարևոր իրողությունն այն է, որ ԱՇ-ն ամենաազդեցիկ ընդդիմադիր խմբավորումներից էր իր ներուժով և զբաղեցրած դիրքերով, որի քաղաքական թևը պարբերաբար մասնակցում էր սիրիական հիմնախնդրի կարգավորմանը նվիրված տարաբնույթ քաղաքական ձևաչափերին: Ստեղծված իրավիճակը լուրջ բարդությունների առաջ է կանգնեցնում նաև «չափավոր» ընդդիմության արտաքին հովանավորներին, քանի որ սահմանփակվում է մի կողմից Սիրիայի ներսում տարաբնույթ խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, մյուս կողմից՝ քաղաքական կարգավորման գործընթացի շրջանակներում վարչակարգի հետ բանակցություններում համարժեքորեն սակարկության հնարավորությունները: