ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրանքներ է ներկայացրել ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեզնսին, ում, ի դեպ, անձամբ էր նշանակել այդ պաշտոնում, երբ նախագահ էր դարձել։ Գլխավոր մեղադրանքն այն է, որ նա բավարար կերպով հետամուտ չի լինում նախագահական ընտրությունների ընթացքում Հիլարի Քլինթոնի կողմից կատարված հանցագործություններին։ Փաստորեն, այս ընտրությունները միակն էին, որ հետո դեռևս շարունակում են մնալ հանրային ու աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում։

 

Սակայն դա էլ այնքան կարևոր չէ, որքան այն, որ Դոնալդ Թրամփը, ով հայտնի է իր անկաշկանդ պահվածքով, ակնհայտորեն կաշկանդվում է ու աստիճանաբար հարմարվում ամերիկյան քաղաքականության նրբություններին, որտեղ, մեծ հաշվով, շատ բան կա իր ծրագրերին ու մոտեցումներին հակասող։ Ի սկզբանե Ռուսաստանին որպես չարիք չտեսնող ու նրա հետ հարաբերություններ կարգավորել փորձող Թրամփը հասկանում է, որ ամերիկյան խաղի կանոններով Ռուսաստանն այս պահին էսթաբլիշմենթի պատկերացմամբ չարիք է, իսկ նախագահը դրան դեմ գնալ չի կարող։

 

Ահա սա է գլխավոր պատճառը, որ ամեն առիթով ԱՄՆ նախագահը մեղավորներ պետք է փնտրի թե մրցակցի ու թե յուրային ճամբարում։ Ընթացքում, իհարկե, փոքր-ինչ փորձելով հակառակը համոզել վերջիններիս։ Գաղտնիք չէ, որ ամերիկյան քաղաքականության հիմնական խնդիրները ներքին լսարանի հետ են կապված ու նոր միայն պրոյեկտվում են արտաքին խնդիրների հետ, այնպես որ, այստեղ Թրամփը լիքը անելու գործ ունի: