Հանրային դաշտում մշտապես ակտուալություն պահող թեմաներից մեկը Ռուսաստանի՝ Ադրբեջանին վաճառվող զենքի թեման է։ Այս հարցը, թերևս, հայ-ռուսական հարաբերությունների ամենացավոտ կողմերից մեկն է։

Իհարկե, պաշտոնական Մոսկվան այս գործարքները բացատրում է բացառապես ֆինանսա-տնտեսական տեսանկյունից, ինչը, մեղմ ասած, համոզիչ չէ։ Հայկական կողմը բավականին լավ պատկերացնում է ռուսական զենքի վաճառքի խնդիրն ու դրանից բխող հետևանքները, ինչի մասին բարձրաձայնում է ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

Այս համատեքստում կարևոր է ընդգծել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի՝ լրագրողների հետ զրույցում հնչեցրած միտքը։ Արմեն Աշոտյանը նշել էր, որ վերջին այցի փակ մասերում հնարավորություն է եղել խնդրի մասին բարձրաձայնելու: Ըստ նրա՝ ռուս պաշտոնյաների մի մասը կիսում է ՀՀ-ի մտահոգությունները: Թեպետ Հայաստանի՝ նման տեսակետ արտահայտելուց հետո ՌԴ-ն չի դադարեցնի Ադրբեջանին զենքի մատակարարումը, սակայն հասկանալի է, որ դիվանագիտական բոլոր հարթակները պետք է մաքսիմալ օգտագործել ու դիրքորոշում արտահայտել։

Խնդիրը շատ պարզ է․ զենքը, որը վաճառվում է զուտ տնտեսական մոտիվներով, կարող է օգտագործվել։ Սա իրական սպառնալիք կարող է լինել տարածաշրջանի կայունության համար։