Ամենայն հավանականությամբ՝ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը չի ստորագրվելու և դա հասկանում են բոլորը, բացի այդ համաձայնագրի ստորագրման ամենաբուռն կողմնակիցները։
Նման պնդում անելու համար իրականում կան ծանրակշիռ հիմքեր։ Նախ, եկեք հիշենք, թե ինչ եղավ նախորդ անգամ, երբ ՀՀ-ԵՄ Ասսոցացման համաձայնագիր պետք է կնքվեր։ Ռուսաստանի միջամտությունից ու խոստացված բոնուսներից հետո, Հայաստանը մեկ օրում կտրուկ շրջադարձ արեց ու մտավ ԵԱՏՄ։ Երկրորդ բանը, որ պետք է իմանալ այս իրավիճակում այն է, որ Ռուսաստան-ԵՄ ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները հիմա էլ ավելի վատ են ու լարված, քան 2013-ի սեպտեմբերին, ուստի ոչ մի ռացիոնալ պատճառ չկա ակնկալելու, որ Ռուսաստանը այս անգամ ավելի հանգիստ կվերաբերվի համաձայնագրի ստորագրմանը։
Սակայն, այսքանով հանդերձ, թյուր է այն կլիշեացված պատկերացումը, թե ցարը հեսա բռունցքով սեղանին է խփելու, ՀՀ-ն էլ՝ որպես հլու վասսալ, միանգամից փոխելու է դիրքորոշումը։ Քաղաքականությունը այդպես չի արդվում, ցար կա, բայց բռունցքով սեղանին չի խփելու, Հայաստանն էլ, իհարկե կախվածություն ունի գերտերություններից ու մասնավորապես՝ Ռուսաստանից, բայց այնպես չէ, որ հլու ստրուկի կարգավիճակում է։
Ըստ իս, առաջիկա ամիսներին տեղի է ունենալու հետևայլը․ Վոլոդինի տխրահռչակ դրվագների պես իրավիճակների շարան է լինելու, որոնց զուգահեռ լինելու շատ չափավոր ու զգույշ հակազդեցություն Հայաստանի կողմից (նույն համաձայնագրի ստորագրումը պետք է դիտել այդ կոնտեքստում)։ Հետո սկսվելու են կուլուարային, իսկ գուցե որոշ չափով բաց բանակցություններ, որոնց ժամանակ էլ ռուսները առաջարկելու են շրջանակային համաձայնագրից հրաժարվելու համար վճարվելիք այն գինը, որը պատրաստ են, մերոնք էլ փորձելու են այդ գինը թանկացնել՝ հնարավորությունների սահմաններում։
Արդյունքում, աշնանն ընդառաջ կհայտարարվի, որ օրինակ՝ Ռուսաստանը պարտքով զենքի նոր խմբաքանակ կտա, կամ պարտք կների, կամ գազի գին կիջեցնի, կամ էլ համանման ինչ-որ բան։ Չի բացառվում, որ նշվածներից մի քանիսը, կամ էլ նույնիսկ բոլորը (քաղված է բանակցությունների ընթացքից ու կողմերի զիջողականության աստիճանից)։ Այս ամենն էլ կեզրահանգվի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրության տապալմամբ, կամ էլ հետաձգմամբ և աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում ձեռք բերված «բոնուսի» ստացմամբ։
Զերծ եմ մնում գնահատական տալուց՝ լավ է սա, թե վատ՝ առանձին քննարկման թեմա է։ Պարզապես առաջիկա ամիսների զարգացման տեսլականի իմ պատկերացումն է։