Իրանի լրագրողական շրջանակների կողմից իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ վերջերս Թեհրանում բացված «Թուրքիայի առևտրի կենտրոնի» գործունեությունն անօրինական է և հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության օրենքներին:
Ըստ իրանական օրենքների՝ օտարերկրյա ընկերություններն Իրանում գործունեություն ծավալելու թույլտվություն են ստանում միայն այն դեպքում, երբ պարտավորվում են առաջին փուլում Իրանում արտադրել ապրանքի 20 տոկոսը, իսկ երկրորդ փուլում՝ 100 տոկոսը: Հակառակ պարագայում այդ ընկերություններն Իրանում գործունեություն ծավալելու իրավունք չեն ստանա:
Դատելով իրանցի լրագրողների իրականացրած հետաքննությունից՝ «Թուրքիայի առևտրի կենտրոնի» ներքո գործող թուրքական ընկերություններն Իրանում արտադրություն կազմակերպելու պարտավորություն չեն ստանձնել:
Այս միջադեպը հետաքրքիր է նրանով, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իր կողմից առաջ քաշված «դիմադրող տնտեսության» հայեցակարգի համաձայն՝ ընդգծել էր որոշ ապրանքատեսակների ներմուծումն արգելելու անհրաժեշտությունը: Այն է՝ այն ապրանքատեսակները, որոնց ներմուծման պատճառով երկրում գործող արտադրական գործարանները կփակվեն, ապա պետք է դրանց ներմուծումը դադարեցնել: