Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխհարաբերությունների օրակարգը փոխվում է: Եթե Օբամայի պաշտոնավարման շրջանում թեև առկա բազմաթիվ տարաձայնություններին, Թեհրանն ու Վաշինգտոնը երկկողմ փոխհարաբերությունները կառուցում էին համագործակցության նպատակադրումով, ապա ներկայում իրանա-ամերիկյան փոխհարաբերություններում բացառապես գերիշխում է հակադրության, և փոխադարձ մեղադրանքների մթնոլորտը, որը լրջորեն սպառնում է միջուկային համաձայնության կատարմանը, եթե իհարկե այդ ոլորտում տեղի ունեցող գործընթացները պետք է «կատարում» որակել: 
Մինչ G20-ի գագաթնաժողովի մասնակիցները քննարկում էին համաշխարհային խնդիրները, Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում նոր լարվածություն է առաջանում, այս անգամ երկու երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարների մասնակցությամբ:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսն իր հարցազրույցներից մեկում Իրանի իշխանություններին մեղադրել է «բազմաթիվ քաղաքացիներին սպանելու և բռնաճնշումների ենթարկելու մեջ»: 
Ի պատասխան Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավարի հայտարարության՝ Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանն էլ, ԱՄՆ պաշտպանության նախարարին մեղադրելով Իրանի ներքին գործերին միջամտելու մեջ հայտարարել է. «Միացյալ Նահանգների ՊՆ-ն այլ երկրների ներքին գործերին միջամտելու փոխարեն, ճիշտ կանի ուսումնասիրի իր երկրում առկա խնդիրները, որոնց պատճառով մոտ ապագայում ոչ միայն կառավարությունը կարող է տապալվել, այլ ԱՄՆ-ի քաղաքական համակարգը լուրջ հիմնախնդիրների առջև կկանգնի»:


Արմեն Իսրաելյան