Բաքվի ռազմաքաղաքական ղեկարավության անհեռատես քաղաքականությունն այս անգամ ևս աշխատեց իր դեմ։ Վերջին օրերին առաջնագծի լարվածությունը և քաղաքացիական անձանց մահանալու միջադեպն իր ուղղակի ազդեցությունն է թողել նաև բանակի հանդեպ հասարակության կարծիքի վրա։ Ալխանլույի միջադեպը խարխլել է շարքային ադրբեջանցու մոտ «կովկասի հզորագույն բանակի» մասին պատկերացումները։

 

Սոցցանցերի քննարկումներից անգամ պարզ է, որ ադրբեջանական հասարակության մի ստվար հատված հիասթափված է զինված ուժերի «անհասկանալի անգործությունից»։ Թերևս այդ դժգոհության ամենավառ ցուցիչներից մեկը Զաքիր Հասանովին հասցեագրված «գովազդի նախարար» պատվավոր կոչումն է։ Տարիներ շարունակ երկրի ռազմական պոտենցիալի և հայատյացության քարոզի հետևանքներն այսօր ավելի քան տեսանելի են. շարքային ադրբեջանցին պահանջում է ռազմական ղեկավարության խոստացած «ավերիչ պատասխանը»։ Մինչդեռ դատարկ քարոզչությունն այսպիսի իրավիճակներում կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, ինչին էլ ականատեսն ենք լինում Ադրբեջանում։


Որպես եզրակացություն՝ չափազանց կարևոր է հետևել սահմանային լարվածության հանդեպ ներադրբեջանական արձագանքներին ու կարծիքներին և, ինչո՞ւ ոչ, նաև փորձել ստեղծել խողովակներ' դրանց վրա ազդելու համար։


Մի կարևոր հանգամանք ևս. սեփական ժողովրդին որպես «կենդանի վահան» օգտագործելու փաստը հասկանում է նաև Ադրբեջանի գիտակ հասարակությունը։ Սակայն Ադրբեջանի պես ավտորիտար համակարգ և չափազանց խիստ գրաքննություն ունեցող երկրում այդ մասին խոսելը հավասար կլինի «ինքնասպանության»։

 

Աշոտ Մովսիսյան