Կան թեմաներ, որոնց մասին դժվար է գրել, որոնց մասին անգամ դժվար է մտածել, հիշել, դժվար է ու գուցե և պետք չի, բայց հիմա գրելու եմ։
Գրելու եմ, որովհետև գտնվեցին հայեր, որ մեղադրեցին մեր տղերքին, ովքեր ոչնչացրել են թշնամու կրակակետերը, որտեղից թուրքական TR-107 տիպի 107 մմ տրամաչափի ռեակտիվ հրթիռային կայաններով կրակի տակ էին պահում մեր դիրքերը: Որովհետև գտնվեցին հայեր, ովքեր շատ ծանր տարան թշնամու խաղաղ բնակչության կորուստներն ու չհիշեցին մեր խաղաղ բնակչության կորուստների մասին։

 


Որովհետև թշնամու կորուստները սգացող մեր հայերը չհիշեցին, որ երկու տարի առաջ հենց նույն հրթիռային կայաններից արձակված հրթիռները երեք մարդու կյանք խլեցին սահմանամերձ Բերդավան գյուղում, որն առաջին գծի գյուղ չէ, որն ի տարբերություն նույն տարածաշրջանի Բարեկամավանի, Կոթիի, Ոսկեվանի, Բաղանիսի, համարվում էր համեմատաբար ապահով գյուղ։ Համեմատաբար ապահով, մինչև թշնամին չկիրառեց այդ մահաբեր կայանները․․․

 


Իսկ ես հիշում եմ, ես հիշում եմ գրողը տանի ու այնքան բան եմ հիշում, որ կուզենայի չիմանալ, կամ գոնե մոռանալ, բայց չեմ կարող։ Հիշում եմ, որովհետև գնդակոծություններից ու նաև դրանց ժամանակ այցելում էի այդ գյուղեր։ Որովհետև Մուրացանի հոսպիատալում տեսակցության եմ գնացել Կոթիի իրենց տան բակում 2015-ի սեպտեմբերին վիրավորված կնոջն ու տղային, ում պահածո փակելը կիսատ էր մնացել թշնամու գնդակոծության պատճառով․․․ Իրենց տան բակում․․․
Հիշում եմ, որովհետև Բերդի հոսպիտալում տեսակցության եմ գնացել 2014-ի հունվարին Այգեպարի իր տանը դաս անելուց վիրավորված աղջկան։ Իր տանը։

 


Հիշում եմ, որովհետև Բերդավանում այցելեցի զոհվածների ընտանիքներին ու Nazeniի անունից (Նազենի ջան կներես, որ հիմա գրում եմ այս մասին, խոստացել էի գաղտնի պահել ու անգամ իրենց չասել, որ քո կողմից է) փոքրիկ աջակցություն էի տարել։ Ու գիտե՞ք ինչ էի զգում, երբ մտա այն տնակ, որտեղ հրթիռի պայթունից երկու կին էին զոհվել, երբ տեսա պայթունի հետևանքներն ու արյան հետքերը․․․ Գիտե՞ք ինչ էի զգում, երբ նստել էի այդ մարդկանց տանը, ովքեր իրենց հարազատներին էին կորցրել, թշնամու հրթիռների դեմ անպաշտպան հարազատների։ Ուզում եմ, որ ոչ ոք չիմանա․․․

 


Հեշտ է տանը նստել ու մի քանի դիտման, կամ մի քանի լայքի, կամ մարդասեր երևալու համար գրառումներ ու հոդվածներ գրել։ Հեշտ է գրողը տանի։
Տանը, սահմանից հեռու, կրակոցների ձայնը չլսելով։

 


Հեշտ է գրել ադրբեջանցի զոհված երեխայի ու նրա տատիկի մասին։
Իսկ մեր զոհե՞րը։ Մեր թալիշեցի երեխան, ով եղբոր ու ընկերների հետ անցյալ տարվա ապրիլին դպրոց էր գնում, բայց այդպես էլ դպրոց չհասավ։

 


Բոլոր ինձ ճանաչողները գիտեն ինչ շատ եմ սիրում երեխաների։ Ու չգիտեմ ով է ասել, որ ամենավեհ նպատակն անգամ մանկան մի արցունքը չարժի, բայց, գրողը տանի, թշնամու կրակակետը լռեցնել է պետք, ամեն գնով լռեցնել է պետք, հնարավորինս շուտ լռեցնել է պետք, անկախ նրանից որտեղ է այն տեղակայած ու ովքեր կտուժեն դրա հետևանքով։ Թշնամու կրակակետը լռեցնել է պետք․․․
Որովհետև սա պատերազմ է գրողը տանի, պատերազմ, չավարտված պատերազմ, ամեն օր ու ամեն շաբաթ կյանքեր խլող պատերազմ, իսկ պատերազմում երկընտրանք չկա, կամ դու, կամ քեզ․․․ Ու թշնամու կրակակետը լռեցնել է պետք, ամեն գնով ու անկախ հետևանքներից․․․

 

Արման Հայրապետյան