Մի քանի օր է՝ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում առ այն, որ Վրաստանում հայկական վարորդական վկայական ունեցող Վրաստանի քաղաքացիներին տուգանում են, այն էլ՝ 500 լարիով:
Խնդիրը նրանում էր, որ հայկական վարորդական վկայական ստացած Վրաստանի քաղաքացիներն այդ երկրի համապատասխան օրենսդրական ակտի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում այն պետք է փոխարինեին վրացականով:
Վերոնշյալն, ըստ ամենայնի, հենց պատճառ էր դարձել, որ վրացի պետավտոտեսուչները՝ պատրուլը, հիշյալ որոշման հիման վրա տուգանել էին մի քանի քաղաքացու՝ 500 լարիով: Բնականաբար վարորդները վրդովված էին, քանի որ նման կարգին իրենք ծանոթ և տեղեկացված չէին, քանզի նախկինում այն չէր կիրառվել:
Տվյալ իրավիճակը կարելի է բացատրել հուլիսի 1-ից օրենքի ուժ ստացած նոր կարգի ներդրմամբ, ըստ որի՝ որոշ խախտումների դեպքում գործելու է վարորդական վկայականի համար սահմանված 100 բալից մինչև զրոյական միավոր համապատասխան նվազեցման և ապա վկայականից զրկելու նոր համակարգ:
Բոլոր դեպքերում ներկա պահին արդեն խնդիրը կարգավորված է, և Վրաստանի ՆԳ նախարարի հրամանով վերացված է նախկին որոշումը, որով սահմանված է եղել հիշյալ մեկ տարի ժամկետը, նաև չեղարկվել են արդեն իսկ նշանակված 500 լարի տուգանքները: