Ադրբեջանը ավանդույթի համաձայն՝ փորձում է իրանցի պաշտոնյաներին վերագրել հայտարարություններ, որոնք կամ նրանք չեն արել, կամ ներկայացվում են խեղաթյուրված: Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունն այսօր տեղեկատվություն է հրապարակել՝ նշելով, թե Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում իբր դատապարտել է քաղաքացիական բնակչության նկատմամբ գործադրվող ռազմական գործողությունները:


Խնդիրն այն է, որ Ադրբեջանում Իրանի դեսպանը իրոք հրավիրել է մամլո ասուլիս, բայց ոչ թե այսօր, ինչպես հաղորդում է «ԱՊԱ»-ն, այլ հուլիսի 4-ի առավոտյան, այսինքն՝ մինչև Ադրբեջանի կողմից սադրանքի կազմակերպումն ու Արցախի ԶՈւ պատասխան գործողությունները:
Դեսպանի ասուլիսի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը (04 հուլիսի, ժամը 15:13), որտեղ սակայն Արցախի վերաբերյալ որևէ ակնարկ չկա:


Հ.Գ. Եթե տեսականորեն Իրանի դեսպանը մի քանի ժամվա ընթացքում երկու մամլո ասուլիս չի հրավիրել, ապա գործ ունենք ադրբեջանական դասական ապատեղեկատվության հետ: