Այսօր հայկական կինոյի ռահվիրաներից մեկը՝ Մհեր Մկրտչյանը կդառնար 87 տարեկան:

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում, 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։

Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

Թվում էր՝ դերասանն ամեն ինչ ուներ երջանիկ լինելու համար, սակայն բեմում այդքան հաջողակ Ֆրունզիկը նույնքան անհաջողակ էր անձնական կյանքում:

Դերասանն ամուսնացել է երեք անգամ։

Նրա առաջին կինը իր համակուրսեցի Քնարան էր, սակայն ամուսնությունը միանգամից փլուզվեց։

Իր երկրորդ կնոջ՝ դերասանուհի Դոնարա Մկրտչյանին Մհեր Մկրտչյանը հանդիպեց 1950-ականների կեսերին։

Աղջիկը Լենինական էր եկել թատերական ինստիտուտ ընդունվելու նպատակով։ Երիտասարդ դերասաններն ամուսնացան ու սկսեցին միասին աշխատել։

Նրանց առաջնեկը Նունեն էր, իսկ շուտով ծնվեց նաեւ որդին՝ Վազգենը։

Երբ թվում էր, թե երիտասարդ ընտանիքի մոտ ամեն ինչ կարգավորված է եւ կարելի է երջանիկ ապրել, Դոնարան հիվանդացավ։

Կնոջ մոտ շիզոֆրենիա հայտնաբերեցին, որը փոխանցվել էր ժառանգաբար։ Ֆրունզիկ Մկրտչյանը նրան անվանի բժիշկների մոտ էր տանում, սակայն նրանք ի զորու չէին օգնել Դոնարային:

Դոնարայի վիճակն օր օրի վատանում էր։ Մկրտչյանը ստիպված էր կնոջը Ֆրանսիայի հոգեբուժարան տեղափոխել և մենակ մնաց երկու երեխաների հետ։

Շուտով Ֆրունզի դուստրն ամուսնացավ եւ Արգենտինա տեղափոխվեց, իսկ որդու մոտ նույն հիվանդությունը հայտնաբերվեց, ինչ կնոջ դեպքում էր։

Որդուն բուժելու Մհեր Մկրտչյանի ջանքերն անիմաստ էին. նա հոսպիտալացվեց նույն հոգեբուժարան, որտեղ մայրն էր։ Ասում են, որ հանդիպելով հիվանդանոցում, մայր եւ որդի ոչ մի անգամ չճանաչեցին իրար։

Մհեր Մկրտչյանի անձնական կյանքը կարճ ժամանակով գունավորվեց, երբ նա ամուսնացավ երրորդ անգամ։ Նրա կինը դարձավ Թամարա Հովհաննիսյանը։

Մի օր, երբ նրան հարցրին, թե ինչու է գիշերը փողոցում միայնակ քայլում, նա զարմացավ. «Ինչու՞ մենակ, կատուներն են քայլում, շները։ Այնպես որ ես մենակ չեմ»։

1998 թ. քաղցկեղից մահացավ Մհեր Մկրտչյանի դուստրը։

Կյանքի վերջին տարիներին Ֆրունզիկը հրաժարվեց կինոյից եւ իր ուժերը կենտրոնացրեց սեփական թատրոնի ստեղծման վրա։

Ֆրունզիկ Մկրտչյանը մարմնավորել է հրաշալի դերերը. կոմիկ, տրագիկ, դասական, ժամանակակից… հայտնի եւ սիրված դերասանի մոտ ամեն ինչ պիտի դասավորվեր…

1993 թ. նա քնած ժամանակ մահացավ ինֆարկտից։ ԽՍՀՄ սովետական դերասանը կյանքին հրաժեշտ տվեց 63 տարեկանում։

Ստորեւ ներկայացնում ենք Պարույր Սեւակի ստեղծագործություններից մեկը՝ տաղանդավոր դերասանի մեկնաբանությամբ:

Ասմունքում է Ֆրունզիկը.