Արմեն Լևոնի Հովհաննիսյան (ծնվ.՝ 1994 հունիսի 30, մահ.՝ 2014 հունվարի 20, ԼՂՀ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, «Արիության համար» հետմահու մեդալակիր:

 

Ծնվել է 1994 թվականի հունիսի 30-ին: Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր: Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում: Մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում:

 

Զբաղվում էր քանդակագործությամբ և աշխատում էր կահույքի արտադրամասում: Պատրաստվում էր դառնալ օպետատոր: Ծառայությունը ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը: Արմեն Հովհաննիսյանի հորեղբայրը մահացել է 18 տարեկանում, ու հայրը որդուն եղբոր անունն էր տվել:


2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել մեր զինվորներին և սկսել դիմադրությունը:

Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ:


Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: