Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր հայաստանցի իր գործընկեր Արա Բաբլոյանի հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպմանը չափազանց ուշագրավ հայտարարություն է արել՝ «Իսրայելի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներին բացասական հետևանքներ ունի, և առկա հիմնահարցը երկու երկրների միջև պետք է լուծվի երկխոսության ճանապարհով»:
Եթե իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հնչեցրած միտքը դիվանագիտականից փոխադրենք սովորական լեզվի, ապա ակնհայտ է, որ խոսքը գնում է նաև ռազմական ոլորտում ադրբեջանաիսրայելական գործակցության մասին, ինչի միջոցով իսրայելական արտադրության կամ ծագման սպառազինությունն Ադրբեջանի կողմից օգտագործվում է արցախյան հակամարտության գոտում՝ ապահովելով Թել-Ավիվի անուղղակի միջամտությունը հիմնախնդրին:
Նման հայտարարությունը միանշանակորեն կարելի է գնահատել որպես փաստացի զգուշացում Բաքվի բռնապետի վարչակարգին առ այն, որ նման գործելաոճի շարունակությունը բացասկան հետևանքներ է ունենալու վերջինիս համար:
Ընդ որում՝ զգուշացումն անում է մի երկրի խորհրդարանի նախագահ, որը ոչ միայն կարող է բազմաթիվ լծակներ գործի դնել հատկապես իսլամական պետությունների շրջանակում լրջորեն սահմանափակելու Բաքվի հնարավորությունները, այլև ազդելու Ադրբեջանի ներքին զարգացումների վրա՝ հաշվի առնելով հատկապես իրանամետ շիա հավատացյալների այն հսկայական բանակը, որը Իրանին հաջողվել է ձևավորել նույնիսկ ադրբեջանական մայրաքաղաքի արվարձաններում:
Վարդան Ոսկանյան