ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը իր խոսքում տվյալներ ներկայացրեց այսպես կոչված արտոնյալ պաշտոնյաների ու «օլիգարխների» վերաբերյալ, ովքեր ծառայել էին կամ չէին ծառայել ՀՀ զինված ուժերում։ Այնտեղ, իհարկե, ամեն ինչ օրինական էր, ավելի ճիշտ՝ ընթացակարգային մասը, օրինակ, որ բանակից ազատվում են տարկետումով կամ առողջական խնդրով։ Լինում են դեպքեր, որ բանակում ծառայելու դեպքեր են գրանցվել նաև այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքից դրդված, քանի որ մեր երկրում Զինված ուժերում ծառայելու համար պիտի լինել ՀՀ քաղաքացի։

 

Ուստի քանի վերը նշված հանգամանքները չկան, մարդը համարվում է օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված։ Սա, իհարկե, ձևական մասն է։ Խնդիրներն ավելի խորքային են, ու իրականում կարիք չկա այդ անունները ներկայացնելու։ Այդ անունները գիտեն բոլորը, ու պարզ է, երբ կան պապեր ու միջոցներ ծառայությունից ազատվելու, հետն էլ՝ օրենքով, երկու րոպեի գործ է։

 

Սակայն ամենակարևորը որ պետք է ֆիքսել, այն է, որ անկախ նրանից՝ ում որդին է ու ինչ պատճառներ են բերվում (խոսքը, իհարկե, չի վերաբերում առողջական լուրջ խնդիրներին կամ գիտությամբ զբաղվող մարդկանց), բանակ զորակոչվելն է, որ դա չդառնա խուսափելու միջոց ու լինի հենց սահմանում։ Ազգ-բանակ կոնցեպցիայում սա կարող է մեծապես խթան հանդիսանալ նաև շարքային քաղաքացիների համար, ովքեր առավոտից իրիկուն մտածում են, որ իրենց զավակները զոհվում են հակառակորդի կրակոցից, իսկ արտոնյալների զավակները բանակ չեն գնում։