Քանի որ հայալեզու լրահոսում շատացել են Մերձավոր Արևելքի վերաբերյալ նյութերը և բնականաբար խնդիր է առաջացել հատկապես Պարսից ծոցի արաբական երկրների ղեկավարների անունները հայերենով ճիշտ ներկայացնելու առումով, պետք է իմանալ, որ արաբերենում կա՝
1. որոշյալ հոդ ال [al] (մոտավորապես անգլերենի the հոդի գործառույթներով), որը հայերենում պետք է տառադարձել փոքրատառով՝ [ալ] և գծիկով միացնել հաջորդող անվանը, օր.՝ Բաշար ալ-Ասադ (Սիրիայի նախագահը), Աբդ ալ-Ֆաթթահ ալ-Սիսի (Եգիպտոսի նախագահը), Աբու Բաքր ալ-Բաղդադի («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման ղեկավարը), Մուամմար ալ-Կադդաֆի (Լիբիայի նախկին առաջնորդը) և այլք:
2. «տոհմ» իմաստով آل [āl] բառը, որը հայերենում պետք է տառադարձել անպայման մեծատառով՝ [Ալ] և հաջորդող անվանը որևէ կերպ չմիացնել, օր.՝ Թամիմ Ալ Թանի (Կատարի էմիրը), Սալման Ալ Սաուդ (Սաուդյան Արաբիայի թագավորը), Մուհամմադ Ալ Մաքթում (Դուբայի էմիրը), Համադ Ալ Խալիֆա (Բահրեյնի էմիրը) և այլք:
Վարդան Ոսկանյան